Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են ծավալվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈւկրաինայի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների ֆոնին Թուրքիան շարունակում է մի կողմից սպառազինություն առաքել Ուկրաինա, մյուս կողմից՝ ակտիվացնել ՌԴ մասնակցությամբ ձևավորված «3+3» ձևաչափը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին Մոսկվայում։ Նախօրեին էլ Էրդողանը հեռախոսով շփվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, ասել, թե Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
«Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում Թուրքիայում անցկացնել»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների, ՀՀ ԱԳ նախարարին Անկարա հրավիրելու, կարգավորման գործընթացն արագացնելու ֆոնին «3+3» ձևաչափի ակտիվացումը հավելյալ խնդիրներ է հարուցելու Հայաստանի համար։ Ըստ էության, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, մեր երկրին այլևս չեն էլ հարցնում՝ ուզո՞ւմ է ինչ-որ բան, թե՞ ոչ։ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը քննարկում և որոշումներ են կայացնում, պոստֆակտում Հայաստանին տեղեկացնում արդեն կատարված իրողությունների մասին։
Հազվադեպ ՀՀ իշխանությունները բարեհաճում են դժկամությամբ պաշտոնական հաղորդագրություններ տարածել, հաստատել կատարվածը։
Արտաքին քաղաքական ոլորտում ՀՀ իշխանությունների անողնաշարությունն ու անգործությունը, ի վերջո, լրջագույն խնդիրներ են առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Փոխարենը, ՀՀ իշխանությունները ակտիվորեն զբաղված են երկրի ներսում ընդդիմադիրներին հետապնդելու, տեղերում ամրանալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու քայլերով։ Իհարկե, նրանք էլ գիտակցում են հնարավոր ռիսկերն ու վտանգները, սակայն չեն ցանկանում դիմագրավել դրանց։ Ավելի ճիշտ, դարձել են գերտերությունների և տարածաշրջանային խաղացողների խամաճիկը՝ հասկանալով, որ միայն այդկերպ կարող են երկարաձգել իրենց անփառունակ կառավարումը։
Արտաշես Մարտիրոսյան