Երևանի քաղաքապետարանում անորոշ վիճակ է․ ձախողում են անգամ ձնամաքրումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՁմռան կեսին «հանկարծակի» ձյուն տեղաց կրկին, և Երևանի փողոցները, բացառությամբ կենտրոնի, նորից վերածվել են անանցանելի սառցակույտերի, փողոցներում մոլեգնում է Վահան Քերոբյանի արձանագրած «տնտեսական աճը»՝ խցանումների տեսքով։ Երևանի քաղաքապետարանը բարեհաջող կերպով ձախողել է իր առանցքային պարտավորություններից մեկը, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերը «քաղցր» խոսքերով են հիշում մեկ ամիս առաջ քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանին։ Խնդիրը, սակայն, միայն ձյան մաքրումը չէ, թեև դա ամենատեսանելի թերացումն է այսօր։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելուց, նոր քաղաքապետ ու առաջին փոխքաղաքապետ ընտրելուց հետո քաղաքապետարանը հայտնվել է անորոշության մեջ, որտեղ ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, իսկ որոշումներ կայացնելու մեխանիզմը պարզապես շարքից դուրս է եկել։ Թե՛ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, թե՛ քաղաքապետարանի աշխատակազմը անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց։ Բանն այն է, որ Երևանի առաջին փոխքաղաքապետին օրենքի պահանջով ընտրելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ լուրջ վերադասավորումներ և փոփոխություններ են սպասվում թե՛ քաղաքապետարանի վարչություններում, թե՛ վարչական շրջաններում։ Մեկ ամսից ավելի որևէ փոփոխություն չի կատարվել, նույնիսկ դրա հետքն էլ չի զգացվում։
Բախտի բերմամբ՝ Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանն էլ ինքնզինքն մատնել է անգործության, օրեր շարունակ փակվում է իր աշխատասենյակում և չի շփվում աշխատակազմի հետ։ Ի սկզբանե պարզ էր, որ Սարգսյանն ընդամենը ժամանակավոր ֆիգուր է, և առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե փաշինյանական իշխանությունը զգա, որ կարող է հաղթել Երևանի ՏԻՄ ընտրություններում, անմիջապես նոր և արտահերթ ընտրություններ կկազմակերպի։ ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են տարածում երկու հիմնական թեկնածուների՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մասին, նշում, թե նրանցից մեկնումեկն է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն։ Ըստ երևույթին, գործող իշխանությունը դեռ չի կողմնորոշվել, թե երբ և ում գլխավորած ցուցակով է գնալու ընտրությունների, իսկ քաղաքապետարանն այդ ընթացքում մատնվել է բացառիկ անգործության։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակն էլ ավելի է թեժացնում «Իմ քայլը» խմբակցության ողբերգական վիճակը։ Ներկայումս խմբակցությունում մնացել է 48 անդամ, որոնք մեկը մյուսին առանձնապես չեն ճանաչում, իսկ ձևավորված մանր խմբավորումները սեփական շահերն են առաջ մղում։
Տիգրան Գասպարյան