Հայաստանի իշխանությունները թաքցնում են սահմանագծման իրենց առաջարկները Ադրբեջանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները միայն չորս օր անց են հաստատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, սակայն այդպես էլ հրաժարվում են հայտնել, թե ինչ նոր առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանին։ Հիշեցնենք, հունվարի 14-ին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։
«Բառացիորեն երեկ ես շփվել եմ Հայաստանի իմ գործընկերոջ հետ, որի մոտ նոր առաջարկներ կան, դրանք մենք կփոխանցենք Բաքվին»,- ասել էր Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կողմ է սահմանազատման շուտափույթ աշխատանքներին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կապ չունի Լեռնային Ղարաբաղի շրջանի ու կարգավորման խնդրի հետ․ «Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծմանը։ Դա չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին։ Այն զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի մենք առաջակում ենք՝ սկսել մշակումները՝ դրա համար ստեղծելով սահմանագծման ու սահմանազտման հանձնաժողով»։
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երեկ է հաստատել, որ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։ Հորդորել է դիմել կառավարությանը։ ԶԼՄ-ները փորձել են տեղեկություններ ստանալ նաև վարչապետի գրասենյակից և ԱԳՆ-ից, սակայն ապարդյուն։ Ավելի վաղ մենք կանխատեսել էինք, որ փաշինյանական վարչախումբը մինչև վերջին վայրկյանը չի բացահայտելու որևէ առաջարկ, մանրամասն, բանակցությունների թեմա, և հանրությունը միայն պոստֆակտում կտեղեկանա, թե ինչ հերթական դավադրությունն է իրականացվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ըստ էության, այդպես էլ լինելու է։ Ամենայն հավանականությամբ, այդ նոր առաջարկներն էլ որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից։ Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն էր կոչ արել հայելաձև հետ քաշել զինված ստորաբաժանումները սահմանից, ինչն արժանացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խիստ քննադատությանը։ Վերջինս նշել էր, թե այդ առաջարկը հակասահմանադրական է և խախտում է ՀՀ քաղաքացիների իրավունքները։ ԱԳՆ-ն որևէ կերպ չի արձագանել Թաթոյանի արդարացի քննադատությանը։
Ռոբերտ Ոսկանյան