Աչքածակ չտեսների ժամանակը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ կերպ չեն խրատվել պատերազմում կրած պարտությունից։ Փոխանակ ջանքեր գործադրեն երկիրը տնտեսական ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու, Փաշինյանն ու նրա կողմնակիցները շարունակում են կրծել բյուջեն, տարբեր գերատեսչություններում ու հաստատություններում չի դադարել պարգևավճարների տրամադրման կամ աշխատավարձերի բարձրացման պրակտիկան։ Ընդ որում, այդ պրակտիկան կիրառվում է ոչ միայն գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում, այլև ցանկացած կառույցում, որտեղ ղեկավար են նշանակել Փաշինյանի որևէ կողմնակցի։
Դիցուք, նախօրեին ԵՊՀ Հոգաբարձուների նիստում ռեկտոր դարձած նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է փորձել իր աշխատավարձը 800 հազար դրամից դարձնել 1,2 միլիոն դրամ, սակայն նույնիսկ խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու խորհրդի մյուս անդամներն են ընդդիմացել։ Որոշել են լրացուցիչ քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցերը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրությունը, որ հարյուր հազարներով դուրս էր եկել փողոց՝ մերժելու նախկիններին, անկեղծորեն ակնկալում էր, որ նոր որակի իշխանություն կլինի երկրում՝ անկաշառ և նվիրյալ։ Այդ պատճառով անգամ ներում էին փաշինյանական իշխանութան ներկայացուցիչների անպատրաստությունը, պաշտոնին անհամապատասխանությունը, կարծում՝ «ջահել են, կսովորեն», «թողեք, թող աշխատեն»։ Պարզվեց, ոչ միայն անպատրաստ են, ջահել, չաշխատող, այլև սովորական աչքածակներ են, որոնց միակ նպատակը կերակրատաշտին մոտ գտնվելն ու իշխանական բարիքներից օգտվելն է։
«Հեղափոխական» իշխանությունները ի սկզբանե հայտարարեցին, թե իրենք բնավ էլ նվիրյալներ չեն, թևքերը քշտած վրա հասան պետական բյուջեին։ Նույնիսկ կառավարության գաղտնի որոշմամբ՝ անհապաղ բարձրացրեցին նախարարների, փոխնախարարների, այլ պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ այդ մասին հանրությանը տեղեկացնել «մոռացան»։ ԶԼՄ-ները տարիներ շարունակ գրել և գրում են փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների չարաշահումների մասին։ Կգրեն այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակում են մնալ իշխանության ղեկին։ Իսկ խաբված բայց այդ փաստը համառորեն չընդունող հանրությունը շարունակելու է խարխափել «նախկինների ու ներկաների», «սևերի ու սպիտակների» դիսկուրսի շրջանակներում և ողբա իր բախտը, որ այսպիսի ապիկար, ագահ և չտես իշխանություններ են իրենց բաժին հասել։
Ստեփան Սարգսյան