Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ բոլոր փաստաթղթային որոշումների ընդունման հարցում Հայաստանն առանցքային դեր խաղաց. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է հիմնական դեր ունենար բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և դա արվել է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ներկայացնելով Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում: Հսկողության տակ է վերցվել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում՝ Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների կողմից գրավվելու դեպքում»,- նշել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հաստատվել է զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Նրա խոսքով՝ հունվարի 14-ին 14 ինքնաթիռով դուրս կբերվեն Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Խաղաղապահների դուրսբերումը կավարտվի հունվարի 19-ին: