SETA. Մոսկվան և Թեհրանը ստիպված կլինեն հաշվի նստել տարածաշրջանում Թուրքիայի նոր դերի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ի տարբերություն Ռուսաստանի և Իրանի, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Թուրքիան կարողացավ մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում: Այդ մասին ասվում է SETA հիմնադրամի «Թուրքիայի աշխարհաքաղաքական լանդշաֆտը 2022 թվականին» վերլուծական զեկույցում։
Փորձագետը նշում է, որ տարածաշրջանային գործընթացի մյուս մասնակիցներն ամենևին էլ չէին ցանկանում ուժեղացնել Թուրքիայի դերը Անդրկովկասում։
«Մի կողմից Ռուսաստանը ձգտում էր զսպել Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը՝ սահմանելով երկու պատերազմող երկրների միջև խաղաղության համաձայնագրի պայմանները և փորձելով Թուրքիային բացառել խաղաղապահ և դիտորդական առաքելությունից։ Մյուս կողմից, Իրանը սկսեց սպառնալ Ադրբեջանին, որ Թուրքիայի հետ հետագա քայլեր չձեռնարկի»,- նշել է փորձագետը։
Սակայն, նրա խոսքով, նոր իրողությունները պահանջում են, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը ճանաչեն տարածաշրջանում Թուրքիայի կենսական դերը։
Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Անկարան ցույց է տվել, որ Բաքվի հետ միասին գործելու է ոչ միայն
պատերազմի, այլ նաև ազատագրված շրջանների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային
կայունության կառուցման ժամանակ։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս հանդես են եկել
տարածաշրջանային կայունության հասնելու համար համապարփակ տարածաշրջանային նախաձեռնության
ստեղծման կոչով։ Նրանք, ըստ փորձագետի, կոչ են արել տարածաշրջանային երեք ուժերին՝ Թուրքիային,
Ռուսաստանին և Իրանին, և երեք ավելի փոքր պետությունների՝ Ադրբեջանին, Հայաստանին և
Վրաստանին, դառնալ տարածաշրջանային այդ հարթակի մաս։
Զեկույցում նաև նշվում է, որ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումը և հաղորդակցությունների
ապաշրջափակումը Թուրքիային էլ ավելի մեծ հնարավորություններ կտան ազդելու ինչպես
տարածաշրջանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Այս ֆոնին նույնիսկ Իրանի անհանգստությունը միջանցքի վերաբերյալ, որը Թուրքիային բազմաթիվ
առավելություններ կապահովի իր հետ մրցակցության մեջ, հարաբերությունների խզման չի հանգեցնի,
կարծիք է հայտնել փորձագետը։ «Աշխարհաքաղաքական նոր հավասարակշռությունը կստիպի Իրանին
միջնաժամկետ հեռանկարում համագործակցել Թուրքիայի հետ»,- ամփոփել է զեկույցի հեղինակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը