Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Կասիմ –ժոմարտ Տոկաևն այսօր` հունվարի 7–ին, հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։ Տեղեկությունը հայտնել են ղազախական ԶԼՄ-ները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ընթրիքի ժամին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես կգա Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին», - ասել է հաղորդավարուհին «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում:
Նշվում է, որ ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքների եթերում։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։
Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում 70 զինծառայող կա Հայաստանից։