Որքանո՞վ են ՌՆԹ-պատվաստանյութերն արդյունավետ կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPfizer/BioNTech եւ Moderna պատվաստանյութերը կարող են մինչ այժմ ստեղծված պատվաստանյութերի մեջ ամենաարդյունավետը լինել կորոնավիրուսի դեմ։ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Cell ամսագրում, ՌՆԹ-պատվաստանյութերի արդյունավետությունը ախտանշային վարակի կանխման գործում հասնում է 90 տոկոսի։
Հետազոտությանը մասնակցել է 15 կամավորական, որոնցից յուրաքանչյուրը ստացել է ՌՆԹ-պատվաստանյութի երկու չափաբաժին 3 շաբաթ միջակայքով։ Գիտնականները նրանց լիմֆատիկ հանգույցներից վերցրել են գերմինատիվ կենտրոններ, որտեղ ակտիվ բաժանվող В-լիմֆոցիտները արտադրում են հակամարմիններ առաջին չափաբաժնից 21, 28, 35, 60, 110 եւ 200 օր հետո։
Գիտնականների խոսքով՝ BNT162b2 պատվաստանյութը, որն ստեղծել է BioNTech գերմանական կենսատեխնոլոգիական ընկերությունը ամերիկյան Pfizer-ի հետ համատեղ, ուժեղացնում է հակամարմինների գոյացումը, ինչպես նաեւ խթանում է իմունային հիշողությունը։ Ֆոլիկուլյար Т-հելփերները, որոնք պահում են այլ իմունային բջիջների ակտիվությունը գերմինատիվ կենտրոններում, պատվաստումից հետո օրգանիզմում պահպանվում են մինչեւ վեց ամիս։ Երբ Т-հելփերների թիվը սկսում է նվազել, կորոնավիրուսի դեմ պաշտպանությունն ապահովվում է հակամարմիններ արտադրող երկար ապրող բջիջներով եւ հիշողության B-բջիջներով։
Գիտնականները պարզել են, որ շատ ֆոլիկուլյար Т-հելփերներ արձագանքում են վիրուսի այն հատվածին, որը մուտացիայի չի ենթարկվում եւ մնում է գրեթե անփոփոխ անգամ օմիկրոն տարբերակի դեպքում։ Պատվաստումից հետո առաջացող հակամարմինների հիմնական թիրախը S-սպիտակուցն է, որը կապվում է մարդու բջիջների ռեցեպտորների հետ։ S-սպիտակուցում կատարվող մուտացիաները սովորաբար նվազեցնում են չեզոքացնող հակամարմինների արդյունավետությունը, բայց S-սպիտակուցի որոշ մասեր չեն փոխվում։
Սկզբնական հակամարմինները, որոնք ստեղծվում են ի պատասխան վարակի, այնքան էլ արդյունավետ չեն, ինչպես նրանք, որոնք արտադրվում են հասունացած В-լիմֆոցիտների կողմից։ Т-հելփերները վիրուսի հակագենը (օտարածին մոլեկուլը) ներկայացնում են В-լիմֆոցիտներին, ինչից հետո վերջիններն սկսում են սինթեզել հակամարմիններ կամ վերածվում են հիշողության В-բջիջների։