«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա համերգով
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:
Համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախատեսվող գալա համերգները կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես են, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2021 թ. ընթացքում կատարված աշխատանքը. ծրագրերի անդամները ևս մեկ հնարավորություն կունենան տոնական մթնոլորտում ամփոփելու իրենց ստեղծագործական աճը և կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին բացահայտելուն և աջակցելուն: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է՝ ուղղված բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2021 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթների, փառատոների, համերգների: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: 2021 թվականի ընթացքում ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են առցանց երաժշտական միջազգային 18 մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2021 թ. ընթացքում իրականացվել է նաև «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագիրը երիտասարդ մասնագետների՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանի (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր Սևակ Ավանեսյանի (թավջութակ), Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանի (դաշնամուր) և այլոց մասնակցությամբ: Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 100 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից:
Ծրագրի գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն է, ծրագրի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ