Փաշինյանի բարբաջանքները ԱԱԾ-ում․ համակարգը ջախջախողը մատ է թափ տալիս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԱԾ էր այցելել, մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, բառացիորեն «հաթաթա» տվել Հայաստանի անվտանգության թիվ մեկ մարմնի աշխատակիցներին։ Ցավոք, վերջիններս ոչ թե ցույց են տվել Փաշինյանի իրական տեղը, այլ գլխահակ ու բութ դեմքերով լսել նրա բարբաջանքները։ Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ դրած անձը ԱԱԾ սպաներին մեղադրել է, թե Հայաստանի առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն։ Հանուն արդարության, գովել է նաև, որ պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:
Ըստ Փաշինյանի՝ 2020 թվականը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Իր խոսքում նա փորձել է անուղղակի կերպով հերքել իրեն հասցեագրվող մեղադրանքները, հայտարարել է, թե հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն:
«21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները»,- ասել է նա:
Ըստ էության, այս հայտարարությունը պատասխանն էր Apple կորպորացիայի, Facebook-ն ու այլ սոցցանցեր կառավարող Meta ընկերության մեղադրանքների, թե Հայաստանում գաղտնալսել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին։ Փորձագետները վաղուց ապացուցել են, որ լրտեսող այդ ծրագրերը գնելու հնարավորություն ունի միայն պետությունը։ ԱԱԾ-ն, բնականաբար, տեղյակ է կամ մասնակցում է այդ գաղտնալսումներին։ Փաշինյանն այս հայտարարությամբ նախ փորձում է իր վրայից հեռացնել մեղադրանքները, մյուս կողմից էլ՝ մատ թափ տալիս ԱԱԾ-ի վրա, որպեսզի զերծ մնան տեղեկատվական արտահոսքից։ ԱԱԾ-ում իր ունեցած «շնորհավորական» ելույթում Փաշինյանն այլ ուշագրավ հայտարարություններ էլ է արել, որոնք առաջին հերթին պետք է արժանանան Հայաստանի անվտանգությունն ապահովող կառույցի սպաների վրդովմունքին։ Դե իսկ, մի առանձին դրվագ էլ պարգևատրումներն են։ Պարգևատրվողների մի զգալի մասը բացառապես իր՝ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահներն են, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը։
Սմբատ Հարոյան