Ալիևը պատերազմից հետո մշտապես հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդպես չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ղեկավարը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։
Սյս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է բացատրում Ալիևի նման հայտարարությունը, երբ նա եռակողմ հանդիպումների ժամանակ, ըստ էության, ուրիշ բան է ասում, իսկ հարցազրույցների կամ առանձին հայտարարությունների մակարդակում՝ լրիվ այլ բան մասնագետն ասաց. «Պաշտոնական հանդիպումներից հետո արվող հայտարարությունները, բնականաբար, ունենում են այլ բովանդակություն, որովհետև այդ հանդիպումների օրակարգն ավելի կոնկրետ է, ու կոնկրետ օրակարգի շրջանակներում էլ արվում են կոնկրետ հայտարարություններ, այսինքն՝ ֆորմատն այդքան էլ ազատ չէ, իսկ հարցազրույցների ժամանակ, որոնք ունեն նաև քարոզչական բնույթ, երկրների ղեկավարները, սովորաբար, հնչեցնում են իրենց համար ցանկալի սցենարները: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, թե կա ինչ-որ պայմանավորվածություն, դրա համար էլ Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություններով է հանդես գալիս, դա բացառապես Ալիևի ցանկությունն ու տեսլականն է: Ալիևը պատերազմից հետո մշտապես հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդպես չէ, ու դեռ քննարկելիք շատ հարցեր կան»:
Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ հեշտ կլինի կամ կհաջողվի Մինսկի խմբի համանախագահող երկրներին Ադրբեջանին բանակցության սեղանի շուրջ նստեցնելը Տարոն Հովհաննիսյանն ասաց.« Բազմաթիվ հայտարարություններ եղան համանախագահող երկրների կողմից, որ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը մնում է ապագայում, ուստի կարծում եմ՝ առաջիկայում քննարկման հիմնական հարցերը կլինեն հումանիտար խնդիրների, սահմանների ճշգրտման ու այլ նման խնդիրների շուրջ: Իսկ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը հնարավոր կլինի՞ անել, թե՞ ոչ, այսօր դժվար է ասել: Դա բավական բարդ հարց է, բայց պետք է արձանագրել մի բան, որ խնդիրը լուծված չէ, ու կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու վերադառնալ այս հարցի քննարկմանը»։
Սոնա Գիշյան