ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակին պարտության մեղավոր կարգելու գործընթացը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բուռն թափով են վերսկսել բանակին 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավոր կարգելու իրենց գործելաոճը։ Այդ նպատակի համար օգտագործում են նախկին զինվորականների, ինչպես Սամվել Բաբայանին, այնպես էլ իշխանական պաշտոնյաներին, բլոգերներին և ֆեյքերին։

Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։

«Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել», - ասել է Բաբայանը։

«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում էլ Բաբայանը սլաքներն ուղղել է Մովսես Հակոբյանի, Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետերի ուղղությամբ, վիրավորական արտահայտություններ արել, բառացիորեն ասել, թե նախկիններն ու զինվորականներն են ձախողել պատերազմը։

«Ես բացատրում եմ՝ Մոսիկա-փոսիկա, մի հատ հարց ուղղեք՝ քանի՞ զինվոր պետք է ունենար քո բանակի մոբ ռեսուրսը, որ հավաքեիր, պայմանական ասենք՝ 134 հազար։ Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում։ Խի մի հատ դոկումենտ չունես, որ վերադասիդ գրել ես, որ զենքեր չկան, որ բերեն-համալրեն։ Այս մոսիկներին հարցրու` դա իր անմիջական պատասխանատվության խնդիրն է եղել՝ իր, Սեյրանի, Խաչատուրովի, Օնիկի, Արտակի, էդ հինգն էլ պիտի գնան «Վարդաշեն»։ Այն, որ երևանցին ասում էր՝ ախպեր, եկա, գրանցվեցի, գնացի տուն, նստեցի, ոչ մեկ չկանչեց, հիշում եք, չէ՞: Ի՞նչ զենք ունեին, որ կանչեին»,- ասել է Բաբայանը։

Իշխանական մի բլոգեր էլ՝ Ռոման Բաղդասարյան անունով, հայտարարեց, թե Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու: Բաղդասարյանը նաև հայտարարել է, թե չի ներկայանալու Արցախի ԱԱԾ, այլ կհամագործակցի միայն ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Բաբայանի, Բաղդասարյանի և իշխանական այլ քարոզիչների հայտարարությունները ակտիվորեն տարածում են իշխանական լրատվամիջոցները, սոցցանցերի օգտատերերը։ Տպավորություն է, թե այս ամենն ուղղորդվում է մեկ կետից, և նպատակ է դրված ամեն գնով մաքրելու Նիկոլ Փաշինյանին ու նրա վարչախմբին։ Այս ամենին գումարվում է նաև տեղեկությունները, թե ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը և վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցրեի փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության՝ Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա։

«Եթե հիմնվենք Բաբայանի հայտարարությունների վրա, ապա ամենայն հավանականությամբ, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը դրա համար է ուշանում, որովհետև մինչև գործընթացի մեկնարկը ստացվում է, որ իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ»,- նշում է Աբրահամյանը:

Միքայել Հարոյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular