Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախապայմաններ պետք է լինեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որի ժամանակ ստոևագրվեց եռակողմ հայտարարություն։
Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։
Հարցին, թե իրավապաշտպանն ինչպե՞ս է գնահատում Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը` Արթուր Սաքունցն ասաց. «Սոչիում թաղվեց սահմանազատման ու սահմանագծման միջազգային իրավունքն ու մեխանիզմը։ Նախ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախապայմաններ պետք է լինեն։ Առաջինը, ուժի սպառնալիքի բացակայություն, ագրեսիայի դադարեցում և նաև դատապարտում, կողմերի միջև փոխադարձ վստահության ձևավորում։ Բացի այդ նշած պայմաններից, այդ գործընթացը պետք է իրականացվի միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։ Այս շարադրված կետերի հետ կապված ունենք հետևյալ պատկերը՝ սահմանային գոտիներում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ, որոնց հետևանքով շարունակաբար և անպատիժ խախտվում են մարդկանց իրավունքները, այսինքն վտանգված է մարդկանց կյանքը, անվտանգության տարրական պայմաններն ապահովված չեն։ Ներխուժել են ՀՀ տարածք, դիրքավորվել ու չեն հեռանում։ Ունենք դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին արձանագրված պայմանը, ըստ որի բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն։ Մինչև հիմա ոչ միայն չեն վերադարձվել, այլ դրանից հետո մարդիկ են գերեվարվել։ Ռազմական գործողությունները ծավալվում են, հռետորաբանությունը չի փոխվել։ Այսինքն, փոխադարձ վստահության համար առնվազն այդ նվազագույն, բայց անհրաժեշտ պայմանները երաշխավորված չեն։
Երկրորդ, միջազգային իրավունքի ու մեխանիզմների հետ կապված և Ադրբեջանի, և Ռուսաստանի իշխանություններն իրենց վարքագծով, գործելակերպով ցույց են տվել, որ իրենց համար միջազգային իրավունք հասկացությունն ընդհանրապես թղթի կտորի արժեք չունի։ Սա ոչ թե ենթադրություն է, այլ այդ պետությունների իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արձանագրում, թե իրենց պետությունների, թե հարևան պետությունների քաղաքացիների հանդեպ։ Եվ այս առումով նաև հարևան պետությունների նկատմամբ ագրեսիվ գործողությունների փաստը կա։ Միանշանակ է այն հարցի պատասխանը, որ թե Ադրբեջանը որպես սահմազատման և սահմանագծման երկրորդ կողմ, և թե Ռուսաստանի Դաշնությունը, որն իբր թե պետք է խորհրդատվական աջակցություն տրամադրի, իրենք չեն կարող հանդիսանալ այն պետությունները, որոնց համար միջազգային իրավունքը հիմնարար սկզբունք է։
Հաջորդը, միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում սահմանազատման ու սահմանագծման միջազգային մեխանիզմը։ Ավելին, ինքն ընդհանրապես մեխանիզմ չէ, որպես այդպիսին կարող են լինել միջազգային կառույցները։ Կարող է լինել ԵԱՀԿ-ն, որն ունի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ շատ հստակ ուղեցույց, կարող է լինել ՄԱԿ-ը։ Կամ կարող են լինել այնպիսի պետություններ, որոնց համար թե միջազգային իրավունքը, թե միջազգային մեխանիզմը հիմնարար սկզբունքներ են։ Այս պարագայում «Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցություն» ասվածը հակասում է միջազգային իրավունքի և մեխանիզմի ներդրման անհրաժեշտությանը»։
Սոնա Գիշյան