Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,-նշել է Դենդիասը և ընդգծել, որ Անգելա Մերկելի վարչապետության շրջանում Թուրքիայի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հիասթափություն է եղել Հունաստանի համար։
Դենդիասի խոսքով՝ վտանգ կա, որ հատկապես T-214 սուզանավերը, որոնք Գերմանիան պատրաստվում է վաճառել Թուրքիային, կփոխեն ուժերի հավասարակշռությունը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում։ Նրա ընդգծմամբ՝ Թուրքիան այդ սուզանավերով կսպառնա Հունաստանին, Եգիպտոսին, Իսրայելին և Կիպրոսին: