Հայաստանում հայտնաբերվել է Հռոմեական կայսրության ամենաարևելյան ջրատարի հետքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆfbm.ru-ն գրում է, որ հնագույն Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ, որի ավերակները գտնվում են ժամանակակից Հայաստանի տարածքում, հնագետները հայտնաբերել են ամենաարևելյան հնագույն հռոմեական ջրատարի հետքեր։ Այն կառուցվել է 2-րդ դարի սկզբին՝ կայսրության ծաղկման շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archaeologischer Anzeiger գիտական ամսագրում։ Ըստ հնագետների դա ամենաարևելյան կամարակապ այն ջրատարն է, որը կառուցվել է Հռոմեական կայսրությունում։ «Հուշարձանային հիմքերը վկայում են մ.թ. 114-ից 117 թվականներին հռոմեական բանակի կողմից կառուցված ջրատարի անավարտ կամրջի մասին, - ասել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը,- այն ժամանակ Արտաշատը պետք է դառնար Հայաստանի հռոմեական նահանգի մայրաքաղաքը»։ Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Հռոմեական կայսրությունը հասել էր իր առավելագույն չափերի, երբ հռոմեացիները փորձում էին Հայաստանը ներառել Հռոմեական կայսրության մեջ։ «Արտաշատի ջրատարի ծրագրված և մասնակի ավարտված շինարարությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ջանքեր են գործադրվել շատ կարճ ժամանակահատվածում նահանգի մայրաքաղաքի ենթակառուցվածքները կայսրության մեջ ինտեգրելու համար: Ջրատարը մնացել է անավարտ, քանի որ մեր թվարկության 117 թվականին Տրայանոսի մահից հետո նրա իրավահաջորդ Ադրիանոսը լքել է Հայաստանի նահանգը, մինչև ջրատարի շինարարության ավարտը», - կիսվել է Թորբեն Շրայբերը Մյունստերի համալսարանից: Օգտագործված շաղախի գիտական վերլուծությունը ցույց է տվել, որ դա տիպիկ հռոմեական բաղադրատոմս է։ Ըստ հողի նմուշների ուսումնասիրության պարզվել է, որ ջրատարի կառուցումը տեղի է ունեցել մ.թ. 60-ից 460 թվականներին, և, ըստ հետազոտողների, ամենահավանականը այն է, որ Տրայանոս կայսեր գահակալության ժամանակ է սկսվել շինարարությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը