Նիկոսիայում բացվել է «Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների բարեկամություն» նոր այգի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆdom.com.cy-ն գրում է, որ Նիկոսիայում տեղի է ունեցել Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության այգու հանդիսավոր բացումը, որը ի դեպ, Մելքոնյան դպրոցի մոտ է՝ Հայկական փողոցի և Լիմասոլի պողոտայի խաչմերուկում։
Այդ նշանակալի իրադարձության պատվին պաշտոնական միջոցառմանը ներկա են եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուն և խորհրդարանում Հայաստանի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։
Արարողությանը ներկա են եղել նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապահարալամբուսը, պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը, Կիպրոսի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Խորեն Դոգրամաջյանը և Կիպրոսի եկեղեցու ներկայացուցիչներ։
Դիմիտրիուն նշել է, որ նոր այգու բացումն ընդգծում է երկու համայնքների միջև ամուր պատմական կապերը։ «Մեր ժողովուրդներին կապող բարեկամությունը շատ խոր արմատներ ունի։ Մենք տարիներ շարունակ կառուցում ենք մեր հարաբերությունները։ Մաղթում եմ, որ նոր այգին ականատես լինի, թե ինչպես կարող են մեր կղզում խաղաղ գոյակցել տարբեր ազգերի մարդիկ։ Ինչպես կարող են նրանք երազել և ստեղծագործել խաղաղության և բարգավաճման պայմաններում»,- ասել է նա։ Դիմիտրիուն նաև ընդգծել է, որ «Կիպրոսը կշարունակի իր լիակատար աջակցությունը Հայաստանի եղբայրական ժողովրդին հուզող բոլոր հարցերում և ամեն կերպ համերաշխություն կհայտնի պատերազմից պատճառված տառապանքների հետ»։
Հիշեցնենք, որ հայերը Կիպրոսում հաստատվել են 4-7-րդ դարերում, սակայն համայնքը ձևավորվել է 12-15-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի անկումից հետո։ Ներկայումս երկրում հայերի թիվը կազմում է մոտ 3500-4000։ Ամենահայաշատ քաղաքներն են Նիկոսիան, Լառնական և Լիմասոլը։ Երկրում ակտիվ են հայկական համայնքային կառույցները։ Հայերը, որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական և քաղաքական կյանքին։ Կիպրոսի հայ համայնքը ներկայացուցիչ ունի երկրի խորհրդարանում, որը, սակայն, խորհրդարանական նիստերին մասնակցում է առանց ձայնի իրավունքի։ Հայերի մեջ կան բազմաթիվ ձեռներեցներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստագետներ։ Երկրում գործում են տասնյակ հայկական հաստատություններ, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներ, հայկական ակումբներ, մշակույթի տուն, ամենօրյա դպրոց երեք մասնաճյուղերով (Նիկոսիա, Լառնակա և Լիմասոլ)։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը