ՏԻՄ ընտրությունները կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման առանցքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2018թ․ իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առանձնապես չէին մտահոգվում ՏԻՄ-երով, կարծում էին, թե նախկին իշխանությունների հետ աշխատած համայնքապետերը հիմա էլ մեծ հաճույքով իրենց համար կաշխատեն։ Շատ դեպքերում այս մոտեցումն իսկապես աշխատեց, քաղաքական և բարոյական սկզբունքներ չունեցող շատ համայնքապետեր մի գիշերում իրենց սրտի խորխորատներում հեղափոխական գաղափարներ հայտնաբերեցին, դարձան փաշինյանական իշխանության մոլեգին հետևորդները։
Իրավիճակը տրամագծորեն փոխվեց պատերազմից հետո, երբ Սյունիքի համայնքապետերը ոչ միայն հրաժարվեցին աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, այլև հզոր կուսակցություն ստեղծեցին, դարձան ընդդիմության առանցքային ուժերից մեկը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի ու իր կողմնակիցների թիրախը հենց ՏԻՄ-երն են, և ամեն ինչ անում են դրանք զավթելու, իրենց կողմնակիցներով լցնելու, գործող իշխանությանը անմռունչ ենթարկվող համայնքապետեր ունենալու համար։ Այդ հարցում Փաշինյանը բացարձակ թքած ունի բնակչության շահերի և ցակությունների վրա, նրա բոլոր գործողությունները միտված են իշխանազավթմանը։
Գյումրիում, Գորիսում և Կապանում կրած պարտությունները ծանր են նստել իշխանության սրտին, դեկտեմբերի 5-ի ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է բոլոր միջոցները գործի դնել՝ հաջողություն գրանցելու համար։ Այսօր բողոքի ակցիա է եղել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում։ Գյուղապետի լիազորությունների ժամկետն ավարտվել է, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ոմն Ռադիկ Գևորգյանի, ով հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի ընկերն է։ Մի քանի տասնյակ գյուղացիներ հավաքվել են հրապարակում, կբողոքեն, կգնան տուն։
Ախուրյան համայնքում էլ ՔՊ-ի հաղթանակն ապահովելու համար «Իկիլիկյան» դաշինքին են դատարանով արգելել մասնակցել ընտրություններին։ Օրինակները բազմաթիվ են։ Նիկոլ Փաշինյանը չի խորշում աշխատել քրեական անցյալ ունեցող կամ նախկինների կամակատարը հանդիսացող անձանց հետ աշխատելուց, եթե վերջիններս հավատարմության նոր երդում են տալիս իրեն։ Այլապես դառնում են գործող իշխանությունների թիրախը։ Վառ օրինակը Ապարանն է, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացել է Էդգար Փարվանյանի գլխավորած ցուցակով։ 2016թ․ ՀՀԿ-ից առաջադրված և պարտված թեկնածուին հիմա էլ հեղափոխական են ներկայացնում՝ ընդդեմ գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի, իսկ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ՔՊ ակտիվը և իշխանական լրատվամիջոցները փորձում են տպավորություն ստեղծել, թե համայնքի ճակատագիրը կախված է մեկ նախկին հանրապետականից։ Իհարկե, իշխանությունները կարող էին գնալ Ապարան, շրջել ժողովրդի մեջ, հարցնել թեկնածուի և իր թիմի մասին կարծիքը, սակայն նույնիսկ չեն էլ փորձի։ Ծիծաղի և տարաբնույթ հայհոյանքների առիթ կդառնային։ Իսկ հանրությունը պատրաստվում է դեկտեմբերի 5-ի ընտրություններին, որ կայանալու են 36 խոշոր համայնքներում։ Այդ ընտրությունները լավ առիթ կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման գործընթացի համար։
Հարութ Դանիելյան