Հայաստանը Պաշտպանության նախարար ունի՞
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը շարունակում է իր արատավոր վարքը, որի հետևանքները մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մեկ ու կես ամիս ռազմաքաղաքական ղեկավարությունը խաբեց ու մանիպուլացրեց ժողովրդին, «Հաղթելու ենք» կոչերի տակ հանձնեց Արցախի ահռելի մասը։ Այսօր էլ շարունակվում է նույն վարքը, տեղեկատվության կոծկման շղարշի ներքո կարևորագույն դիրքեր են հանձնում թշնամուն։ Երեկ ցերեկը տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ ՊՆ լրատվական վարչությունը մեծ դժկամությամբ հայտնեց, թե ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ի վերջո, ՀՀ ՊՆ-ի այս հերթական սուտն էլ բացահայտվեց, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերը ցավի ու կսկիծի հերթական չափաբաժինը բերեցին հանրության ողջամիտ զանգվածի, այլ ոչ իշխանության ոտքերը լիզող, զոմբիացած զանգվածի համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են դրել շրջանառության մեջ` նշելով, թե հայկական կողմը թողել է տեսանյութում պատկերված դիրքերն ու հեռացել` դրանք հանձնելով ադրբեջանցիներին: Ցավալին ոչ միայն դիրքերի կորուստն էր, այլև չկրակելու հրամանի պատճառով ծանր հոգեբանական կացության մեջ հայտնված հայ զինվորի վիճակը, որ ստիպված է ադրբեջանցի հրոսակի լկտիության պայմաններում լքել իր դիրքերը։ Դեռևս օգոստոս 7-ին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խստորեն հրահանգում էր կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը։
«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է: Դրա համար, կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները՝ կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասում էր Կարապետյանը:
Իսկ դրանից հետո տեղի ունեցած մի շարք ցավալի միջադեպերին նույն այդ գեներալ Կարապետյանը մեկ անգամ նույնիսկ չի անդրադարձել, չի պարզաբանել, միջոցներ չի ձեռնարկել հայ զինվորների կյանքի և արժանապատվության պահպանման ուղղությամբ։
«Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի՝ ադրբեջանցիների հետ շփման գծում տեղի ունեցող տեղաշարժերը, թշնամու ամրացումը, ինչպես նաև՝ սանձարձակ պահվածքը հուշում է, որ առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել։ Աշխարհագրական դիրքը, բարձրադիր հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, խստաշունչ եղանակային պայմանները, ամրաշինական ոչ ամբողջական աշխատանքները, թիկունքային ոչ բավարար ապահովումն առավել բարդացնում են սահմանին կանգնած մեր զինծառայողների խնդիրը։ Բանակին՝ ներքին և արտաքին թուրքի հասցրած հարվածների պայմաններում, իսկական տղամարդիկ, հայրենիքն ամեն ինչից վեր համարող անձինք առաջնագծում են։ Պետք է ամեն գնով աջակցենք մեր զինծառայողներին, իսկ մեր բանակին այսպիսի վիճակի հասցնողները դեռ պատասխան են տալու»,- նշել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ցոլակ Պետրոսյան