Էլեկտրոնային սիգարետը՝ որպես ծխելը թողնելու դեղատոմս․ Անգլիայի փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱղբյուրը՝ Gov.uk
Անգլիան կարող է լինել աշխարհում առաջին երկիրը, որը դեղատոմսով լիցենզավորված էլեկտրոնային սիգարետներ կնշանակի՝ օգնելու նվազեցնել ծխելու մակարդակը:
Դեղորայքի և առողջապահական արտադրանքի կարգավորող գործակալությունը (MHRA) հրապարակել է թարմացված ուղեցույց, ըստ որի արտոնագրված էլեկտրոնային սիգարետները կարող են նշանակվել այն ծխողներին, որոնք ցանկանում են թողնել ծխելը:
Արտադրողները կարող են դիմել MHRA-ին՝ իրենց արտադրանքը ներկայացնելու համար, որպեսզի անցնեն կարգավորող հաստատման նույն գործընթացը, որն անցնում են առողջապահական ծառայությունում հասանելի այլ դեղամիջոցները:
Սա կարող է նշանակել, որ Անգլիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը ծխելը թողնելու համար նշանակում է էլեկտրոնային սիգարետներ, որոնք լիցենզավորված են որպես բժշկական արտադրանք:
Եթե ապրանքը ստանա MHRA-ի հաստատում, ապա բժիշկները կարող են առանձին դեպքերում որոշել, թե արդյո՞ք տեղին կլինի ծխողին էլ․ սիգարետ նշանակել՝ օգնելու նրան թողնել ծխելը: Միևնույնն է չծխողներին և երեխաներին խստորեն խորհուրդ է տրվում չօգտագործել էլեկտրոնային սիգարետ:
Էլեկտրոնային սիգարետները պարունակում են նիկոտին և զերծ չեն ռիսկերից, սակայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի փորձագիտական հետազոտությունները փաստում են, որ կարգավորվող (լիցենզավորված) էլեկտրոնային սիգարետներն ավելի քիչ վնասակար են, քան սովորական սիգարետը: Առողջապահական համակարգի կողմից լիցենզավորված էլ․ սիգարետը պետք է անցնի անվտանգության ավելի խիստ ստուգումներ:
Ծխելը մնում է վաղաժամ մահվան հիմնական կանխարգելի պատճառը, և, թեև, Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշները ռեկորդային ցածր մակարդակի են, Անգլիայում դեռևս կա մոտ 6,1 միլիոն ծխող: Երկրում առկա են նաև ցուցանիշների կտրուկ տարբերություններ, ընդ որում, ծխելու մակարդակը Բլեքփուլում (23,4%) և Քինգսթոն Հալլում (22,2%) բավականին բարձր է, ի համեմատ ավելի հարուստ տարածքների, ինչպիսին է Ռիչմոնդ Թեմզան (8%):
Էլեկտրոնային սիգարետը 2020 թվականին Անգլիայում ծխելը թողնել փորձող ծխողների կողմից օգտագործված ամենահայտնի օգնությունն է: Այն բարձր արդյունավետություն է ցույց տվել ծխելը թողնել փորձողներին աջակցելու գործում. ծխողների 27,2%-ը թողել է վերջինիս միջոցով, ի համեմատ 18,2%-ին, որոնք օգտվել են նիկոտինի փոխարինման թերապիայի արտադրանքներից, ինչպիսիք են օրինակ նիկոտինային մաստակը կամ սպեղանին:
Առողջապահության և սոցիալական հարցերով քարտուղար Սաջիդ Ջավիդն ասել է․
«Անգլիան շարունակում է մնալ առողջապահության ոլորտում համաշխարհային առաջատարը՝ լինի դա մեր COVID-19 պատվաստանյութի ներդրումը, որը փրկում է կյանքեր, թե հանրային առողջության մեր նորարարական միջոցառումները, որոնք նվազեցնում են մարդկանց լուրջ հիվանդությունների ռիսկը:
Լիցենզավորված էլեկտրոնային սիգարետի նախագիծը հնարավորություն ունի լուծելու ամբողջ երկրում ծխելու մակարդակի կտրուկ տարբերությունները՝ օգնելով մարդկանց թողնել ծխելը, անկախ բնակության վայրից կամ ծագումից»։
2019 թվականին Անգլիայում ծխելուց գրեթե 64,000 մարդ է մահացել։ Առողջապահության բարելավման և անհամամասնությունների գրասենյակը (OHID) աջակցում է հանրային առողջության մակարդակի բարձրացմանն ու երկրի ողջ համայնքներում առողջական հավասար արդյունքների ապահովմանն ուղղված ջանքերին: