ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիում կատարվածը դաս է Փաշինյանի աջակիցների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները և դրանց հետևած գործընթացները իսկական շոկ են Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքական ուժերի համար։ Պարտություն կրելով «Հանրապետություն» կուսակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն ինչ արեց քաղաքապետի պաշտոնը յուրացնելու համար։

Մեր տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի քաղաքական ուժը սկզբնապես բանակցում էր «Ապրելու երկիր» կուսակցության հետ՝ կոալիցիա կազմելու և Մեղրիում իշխանությունը կիսելու համար, սակայն իշխող ուժին հաջողվել էր ճնշումների սպառնալիքների միջոցով կանխել այդ կոալիցիայի ձևավորումը։ Հետընտրական փուլում Մեղրիում ՔՊ թեկնածուն՝ ինքն իրեն «գլուխգործոց» անվանած Արարատ Թումանյանն իր կողմնակիցների հետ կեղտոտ սոցցանցային արշավ էր սկսել «Հանրապետություն» կուսակցության դեմ, անվանարկում և վիրավորում էին Արամ Սարգսյանին, նրա առաջադրած թեկնածուին՝ Բագրատ Զաքարյանին։ «Հանրապետություն» կուսակցության անդամների համար իրական շոկ էր այդ վերաբերմունքը։ Պատերազմից հետո էլ Փաշինյանին աջակցած ուժը չէր սպասում նման հարվածների։ Ի վերջո, երեկ Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։

Ըստ այդմ, տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»: «Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» վարքը իսկական դաս էր իր հետ գործարքի գնացող, իշխող ապիկար թիմին աջակցող ուժերի համար։ Նրանցից յուրաքանչյուրն այլևս չի կարող վստահ լինել, որ նույն բանն իրենց հետ չի պատահի, եթե պատահաբար հաղթեն ՔՊ-ին։ Հիշեցնենք, Մեղրիում հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով 4 քաղաքական ուժ էր ընտրվել` 6 մանդատով «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով` «Ազատականն» ու «Ապրելու երկիրը»:

Արամ Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular