Ադրբեջանցուն հաղթած Սամվել Գրիգորյանը չհասավ կիսաեզրափակիչ, իսկ Դավիթ Օվասապյանը` մտավ
ՍՊՈՐՏՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջինը պայաքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից այսօր հանդես են գալիս հինգ հոգի:
Առաջնությունը վստահ սկսեց 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, որը նախ հաղթեց Մոլդովայի, ապա Ադրբեջանի պատվիրակին և մտավ քառորդ եզրափակիչ: Ավաղ, այդ փուլում նա չկարողացավ դիմագրավել ուկրաինացի մրցակցի ճնշմանը և պարտվեց 1:7 հաշվով:
Մրցաշարը հաղթանակով մեկնարկեց նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը առաջին մարտում 9:0 հաշվով պարտության մատնեց գերմանացի ըմբիշին, սակայն քառորդ եզրափակիչում տանուլ տվեց թուրք մարզիկին:
55կգ Աշոտ Մխիթարյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը հենց մեկնարկում տանուլ տվեցին Վրաստանի ներկայացուցիչներին և դուրս մնացին չեմպիոնական պայքարից:
Բոլորից հաջող հանդես եկավ մեր130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որն առաջին մարտում 2:1 հաշվով հաղթեց սերբ ըմբիշին, ապա 2:0 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի ներկայացուցիչին և մտավ կիսաեզրափակիչ: Այդպիսով, մեր ըմբիշը վաղը կպայքարի աշխարհի մեդալներից մեկի համար: