Սովարական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարակվելիս հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ մատչելի և հասանելի հակադեպրեսանտը կարող է եռակի նվազեցնել կորոնավիրուսի ծանր տեսակով հիվանդանալու վտանգն այն մարդկանց մոտ, որոնք բարձր ռիսկային գոտում են գտնվում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, ուսումնասիրությունը, որի մասնակցել է մոտ 1500 հիվանդ Բրազիլիայում, ցույց է տվել, որ նրանք, ովքեր ստանում են ֆլուվոքսամին դեղամիջոցը, ավելի քիչ էին հակված հիվանդության ծանր ընթացքին և հոսպիտալացման կարիք չունեին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ դեղամիջոցն օգտագործվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (հոգեկան հիվանդություն, որի դեպքում մարդ զգացողություն է ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել կամ ինչ-որ գործողություն անել) կամ ընկճախտը բուժելու նպատակով:
«Ֆլուվոքսամինը կարող է նվազեցնել ցիտոկիններ կոչվող բորբոքային մոլեկուլների արտադրումը, որոնց առաջացումը կարող է պայմանավորվել SARS-CoV-2 վիրուսով: Դեղամիջոցը կարող է նվազեցնել նաև թրոմբոցիտների քանակն արյան մեջ, ինչը կարող է ներազդել արյան մակարդման տեմպերի վրա կորոնավիրուսի դեպքում»,- մեկնաբանել է Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեյերսենը, որն աշխատել է հետազոտության վրա:
Գիտափորձի ժամանակ մասնագետները կորոնավիրուսով հիվանդ 741 կամավորի 10 օր շարունակ 100 մգ ֆլուվոքսամին են տվել օրական երկու անգամ, իսկ 756 կամավոր պլացեբո է ստացել:
Արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ դեղամիջոցն ընդունած մասնակիցների 11 տոկոսն է հիվանդանոցային բուժման կարիք ունեցել, մինչդեռ պլացեբո ընդունածների պարագայում՝ 16 տոկոսը: Դա նշանակում է 5 տոկոսի նվազում ընդհանուր առմամբ ռիսկային գոտում գտնվող 32 տոկոսի պարագայում: