Մենք հիմա վարակի ինտենսիվ տարածման փուլում ենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվերը աննախադեպ աճել են։ Այս թեմայով զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի հետ։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում համավարակային իրավիճակը Մերի Տեր-Ստեփանյանը ասել է․ «Իրավիճակը շատ լարված է, վարակի ինտենսիվ տարածման փուլում ենք։ Կարծում եմ՝ կարելի է ասել՝ գագաթնակետին ենք։ Եվ տա Աստված, որ սա գոնե լինի գագաթնակետը, սրանից ավելի վատ իրավիճակի առաջ չկանգնենք գոնե հիվանդացության առումով։ Ցավոք սրտի, մահացության առումով դրական միտում չեմ նկատում, որովհետև այս թվերի պայմաններում մահերը շարունակելու են աճել։ Այսօր արդեն մահերի ռեկորդային թիվ ունեցանք։ Սա մեր բոլորի վատ աշխատանքի հետևանքն է»։
Անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակին համահունչ միջոցառումեր իրականացվո՞ւմ են պետական մարմինների կողմից համաճարակաբանն ասել է․ «Երբ թվերը նայում են, մարդիկ մի փոքր ակտիվ սկսում են դիմակ դնել։ Բայց, ճիշտ եք ասում, այդ խստությունը չկա, իրավիճակին համահունչ հակահամաճարակային միջոցառումներ ես էլ չեմ տեսնում։ Շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ եթե այսօր գնացին պատվաստվեցին, վերջ, իրենք ապահով են, կարող են հանգիստ լինել։ Բայց այդպես չէ, այսօրվա պատվաստումն արդյունավետ է լինելու երկու ամիս հետո, ոչ հիմա, ոչ վաղը։ Այսինքն՝ այս ինտենսիվությամբ պատվաստումները պետք էր անել ոչ թե հիմա, այլ հունիս-հուլիս ամիսներին, և այսօր մենք այս թվերը չէինք ունենա»։
Սոնա Գիշյան