ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հանրապետականացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ միանգամից 4 որոշում է կայացրել՝ տարբեր համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու վերաբերյալ։ Այսպես. Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Մարգարյանը, Վանաձորում՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վանիկ Օհանյանը, Վայքում ՝ Մխիթար Մաթևոսյանը, իսկ Ջերմուկում ՝ Վահագն Արսենյանը։ Ինչպես և ավելի վաղ էինք նշել Նիկոլ Փաշինյանը այս նշանակումներով ցանկանում է առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ իր ձեռքում կենտրոնացնել վարչական բոլոր ռեսուրսները՝ իր դեմ տրամադրված բոլոր համայնքապետերին զրկելով վարչական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից և ամեն գնով Նիկոլ Փաշինյանին հավատարիմ անձանց քաղաքապետ դարձնելով։ Այս դավադիր ծրագիրն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հետաքրքիր տեխնոլոգիա էր մտածել, մասնավորապես Գյումրիի և Վանաձորի դեպքում որոշում էր կայացվել մեծացնել այդ համայնքները, իսկ համայնքների խոշորացման դեպքում ավագանիների լիազորությունները դադարեցված էր համարվում։

Եվ այսպես Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններից ընդամենը հաշված օրեր առաջ, համայնքապետի նոր պաշտոնակատար է նշանակվում։ Վանաձորում, Վայքում և Ջերմուկում ընտրությունները կայանալու են արդեն դեկտեմբերի 5-ին։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ապօրինի է գնահատել Նիկոլ Փաշինյանի այս քայլը, սակայն դա որևէ կերպ չի խանգարել Նիկոլ Փաշինյանին նոր համայնքապետ նշանակելու, ընդ որում նույնիսկ նոր համայնքապետն ինքն է ասում, որ չի լինելու իշխանության սրտի թեկնածուն այդ ընտրություններում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն լինելու է Լոռու գործող մարզպետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս քաղաքապետ ընտրվելուց հետո մարզպետի պաշտոնը ամենայն հավանականությամբ կզիջի հենց Վանիկ Օհանյանին։ Ամենատարօրինակ նշանակումը թերևս Ջերմուկում էր։ Վահագն Արսենյանը երկար տարիներ «Հանրապետական» կուսակցության անդամ և պատգամավոր հանդիսացող, «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի որդին է։ Աշոտ Արսենյանը նախկին իշխանությունների օրոք, մամուլի տարբեր միջոցների համաձայն համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը։ Ընդսմին լուրեր էին շրջանառվում, թե հենց նա է ապահովում իշխանությունների ֆինանսական եկամուտների մի մասը։ Այդ տեղեկությունները կարծես բացարձակապես չէին հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին, նա փոխարենը Աշոտ Արսենյանի որդուն նշանակում է Ջերմուկի համայնքապետի պաշտոնակատար։ Ջերմուկցիներից մի քանիսը երեկ մեզ հետ զրույցում նշեցին, թե քաղաքում լուրեր են շրջանառվում, թե Արսենյանը կարողացել է այժմ էլ դառնալ Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը, իսկ իր որդուն քաղաքապետի պաշտոն է ապահովել, և հենց նա է գլխավորելու «Քաղաքացիական պալմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը Ջերմուկում։

2018թ.-ին գալով իշխանության և խոստանալով բոլոր միջոցներով պայքարել նախկին արատավոր բարքերի, օլիգարխների, ժողովրդին լլկողների և հարստահարողների դեմ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր գնում է այդ ճանապարհի ամենավատ կածաններով։ Օլիգարխիայի դեմ պայքարողը օլիգարխի որդուն նշանակում է քաղաքապետի պաշտոնակատար և իրենց հիմնական թեկնածու։ Իհարկե ջերմուկցիների համար շոկ է այս ամենը։ Նրանց բարդ կլինի բացատրել, որ հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հանկարծ պարզում է, որ Ջերմուկում չկար այլ հեղափոխական և այլ առաջադեմ թեկնածու, քան Արսենյանները։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Գրեթե բոլոր համայնքներում առայժմ լուռ դժգոհություն է հասունանում իշխանության թեկնածուների նկատմամբ։ Տեղերում մարզպետներն անթաքույց հարաբերվում են թե՛ նախկին իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ մանր քրեական տարրերի և թե՛ այլ վատահամբավ անձանց հետ՝ այդ կերպ փորձելով պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Լևոն Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular