Ինչպե՞ս է թուրքական գայլը կրծոտում ռուսական արջին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaif.ru-ն գրում է, որ կարիք չկա ասել, որ Ռուսաստանն ու Թուրքիան այսօր լավ հարաբերություններ ունեն: Բայց Ռուսաստանի դերն այդտեղ ավելի շատ նման է ծեծվող տղայի դերին: Որտեղ մենք լավ հարաբերություններ ունենք՝ Սիրիայո՞ւմ: Բայց ըստ Էրդողանի 4 հազար քառ. կմ Սիրիայի տարածք, ըստ էության, արդեն միացվել է Թուրքիային, իսկ այլ ավելի մեծ տարածքներում կան թուրքամետ զինված կազմավորումներ, և անընդհատ մարտեր են ընթանում Ասադի բանակի հետ: Գուցե մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասո՞ւմ: Ադրբեջանն արդեն, ըստ էության, Անկարայի կրտսեր գործընկերն է, այնտեղ լիարժեք թուրքական ազդեցություն է: Վրաստանը նույնպես թուրքերի տակ է, Հայաստանը ևս նույն ուղղությամբ է շարժվում: Իսկ ինչո՞ւ է Թուրքիան զենք մատակարարում Ուկրաինային: Նույն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը կիրառվում են Դոնբասում սպանելով այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին:
Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայում միայն նրանց հետ, ովքեր գումար են վաստակում Ռուսաստանից՝ Ակկույուի ատոմակայանում, Թուրքական հոսքում: Բայց դա պետական շահերի հետ կապ չունի:
Էրդողանն ընդլայնում է Թուրքիայի ազդեցությունը և ստեղծում է Օսմանյան կայսրության նման մի բան: Եթե դրա համար անհրաժեշտ է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, ապա մեզ դուրս կմղեն որոշակի շրջաններից, նա դա կանի: Հավանաբար Էրդողանն ընդհանուր առմամբ հույս ունի, որ ի վերջո Ղրիմը կվերադառնա Թուրքիա: Հիշենք, որ նրա տարածքում ապրում է մոտ 2,5 միլիոն Ղրիմի թաթար:
Նոյեմբերին տեղի կունենա այսպես կոչված Թյուրքական խորհրդի նիստը, որտեղ ակնկալվում է որոշում այն վերածել Թուրքական պետությունների միության: Այն կներառի նաև նախկին ԽՍՀՄ 5 հանրապետություն՝ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը որպես դիտորդ: Նոր կազմակերպությունն ակնհայտորեն անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցությունը ուժեղացնելու համար: Չմոռանանք, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ -ի անդամ: Միաժամանակ, թվարկված երկրներից մի քանիսը ՀԱՊԿ անդամ են: Կդիմանա՞ Ռուսաստանի ԱԳՆ -ն նրանց ռուսական ազդեցության ուղեծրից դուրս բերելու փորձին: Ի վերջո, որքան գումար է ներդրել Կենտրոնական Ասիայում 2008 -ից 2020 թվականներին՝ մոտ 3 տրիլիոն ռուբլի: Քանի՞ աշխատատեղ կարող էր ստեղծվել այդ միջոցներով Ռուսաստանում, վերաբնակեցվել այնտեղ Կենտրոնական Ասիայից եկած ռուսներին, նրանց բնակարան տրամադրել և այլն:
Կասկած չկա, որ Թուրքական պետությունների միությունը ստեղծվում է ի հակադրություն Ռուսաստանի: Ինչպես ասում են, երկու արջը մեկ որջում չեն կարող յոլա գնալ: Ավելի ստույգ թուրք գայլը ցանկանում է ռուս արջին դուրս մղել իր հարավային որջից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը