Փաշինյանը պատրաստ է սակարկել Ալիևի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆjpgazeta.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը առանց սահմանափակելու բանակցությունների տեղն ու ժամանակը: Նա հայտարարել է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա երրորդ երկրի տարածքում:
Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ պատրաստ է հանդիպման, բայց տեսնում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանություն. «Մենք վճռական ենք գնալու այդ ճանապարհով, բայց ցավով նշում ենք, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցը, ինչպես նաև նոյեմբերի 9 -ի հայտարարության չարտոնված մեկնաբանությունը և ագրեսիվ հռետորաբանությունը խոչընդոտում է թշնամանքի մթնոլորտի հաղթահարմանը»:
Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետխորհրդային տարածքի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Նիազի Նիյազովը մեկնաբանել է այդ ամենը. «Սա, իհարկե, որոշակի առաջընթաց է. կողմերը, գոնե բառերով, ցույց են տալիս հետագա փոխգործակցության պատրաստակամություն: Ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթանում: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու կփորձի լուծել դրանք: Հայկական կողմի համար առաջնահերթ խնդիրն այն անձանց վերադարձն է, ովքեր Ադրբեջանում ձերբակալվել են հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո: Հայկական կողմը նրանց համարում է ռազմագերիներ, իսկ ադրբեջանականը ահաբեկիչներ, քանի որ նրանք ձերբակալվել են պատերազմի ավարտից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ խաղաղության պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց:
Ադրբեջանական կողմը ցանկանում է Հայաստանից ստանալ հայտարարություն երկրների միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, որպեսզի սկսվի սահմանազատման գործընթացը և ի վերջո լինի պետական սահմանների սահմանագծում: Միաժամանակ տեսանելի է, որ Փաշինյանը որպես սակարկման տարր օգտագործում է ականապատ դաշտերի քարտեզները, որոնք ժամանակին հայկական կողմը հրաժարվել էր տրամադրել Ադրբեջանին հայտարարելով, որ նման բան չունի: Սակայն նախ Վրաստանի, ապա Ռուսաստանի միջնորդությամբ նման փոխանակում տեղի է ունեցել: Ադրբեջանական կողմը ստացել է Աղդան շրջանի, այնուհետև Ֆիզուլիի ականապատ դաշտերի քարտեզները: Բայց ինչպես նախագահ Ալիևն է ասել, այդ քարտեզների ճշգրտությունը եղել է նվազագույն՝ մոտ 25%, ուստի այժմ ադրբեջանական կողմը այնքան էլ պատրաստ չէ նման գործարք կնքել հաշվի առնելով այն, որ իրեն բառացիորեն մոլորության մեջ էին գցել, մեղմ ասած, խաբել: Ամենայն հավանականությամբ, Ալիևը կպնդի ավելի հստակ քաղաքական ձևակերպումների վրա, մանավանդ որ ազատագրված տարածքներում ականազերծման գործընթացը շատ արագ է ընթանում, որոշ ժամանակ անց այդ քարտեզները ոչ մի նշանակություն չեն ունենա ադրբեջանական կողմի համար և կդադարեն սակարկության առարկա լինել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը