Ինչո՞ւ են Բաքուն և Թեհրանը սկսել հավասարակշռել ուժերը պատերազմի շեմին. իրանական կողմը շարունակում է պնդել Ադրբեջանում և Ղարաբաղում իսրայելական ուժերի և սպառազինման տեղակայումը. Տարասով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս ականավոր քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը վերլուծել է Իրանի և Ադրբեջանի ղեկավարությունների՝ օրերս հնչեցրած մեղադրանքներն ուղղված մեկը մյուսին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Թեհրանի մեղադրանքները, թե «Բաքուն Իսրայելին ներքաշել է տարածաշրջան», հայտարարել է, որ դա ճիշտ չէ, և Իրանի ղեկավարությունը ստիպված է լինելու պատասխան տալ այդ հայտարարության համար:
Հեղինակը հիշեցնում է, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն Իսրայելին մեղադրել է՝ պնդելով, որ երկիրը փորձում է օգտվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բարդ իրավիճակից: Նրա խոսքով՝ «իսրայելցիները ներկայություն են հաստատել Ադրբեջանի տարածքում»:
«Թեհրանն Ադրբեջանին մեղադրում է պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում իսրայելցի ռազմական մասնագետների տեղակայման մեջ: Ըստ երևույթին, խոսքն իսրայելական ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների մասին է, որոնց ներկայությունը կարող էին ֆիքսել իրանական հատուկ ծառայությունները: Իսկ այժմ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, բրիգադային գեներալ Կիյոմարս Հեյդարիի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքում են գտնվում Իսրայելի ներկայացուցիչները և ԻՊ-ի գրոհյինները»,- նշում է Տարասովը:
«Իրանցի նախկին դիվանագետ Ամիր Մուսավին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նրա տեղեկություններով՝ «Ադրբեջանում 1000 իսրայեցի մասնագետ է գտնվում և ԻՊ-ի 1800 ահաբեկիչ: Գործը հասել է նրան, որ Բաքվի և Թեհրանի միջև սուր քննարկումներին որոշել է միջամտել Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսադնր Բեն Ցվին, որը «մեծ հիմարություն» և «երևակայություն» է անվանել Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայությունը: Հավանաբար, այս տվյալները ստացվել են իրանական հետախուզությունից: Նույն տեղեկությունների համաձայն՝ Զանգելանում (Կովսական) իսրայելայան ռադիոէլեկտրոնային համակարգեր են տեղակայվել»,- գրում է փորձագետը:
Ինչպես հոդվածագիրը նշում է, մի շարք փորձագետների կարծիքով՝ Թեհրանը մտահոգություն ունի որոշակի արտաքին ուժերի օգնությամբ երկրի ադրբեջանաբնակ շրջաններում հնարավոր ապսատմբության բռնկման շուրջ, որին կարող է հաջորդել Հարավային Ադրբեջանի՝ դուրս գալն Իրանի կազմից:
Միևնույն ժամանակ իրադարձությունները յուրօրինակ զարգացում են ունենում: Արտաքնապես Իրանն իրավիճակը ներկայացնում է որպես «սպառնալիք» Բաքվի կողմից: Սակայն Իրանում կան ուժեր, որոնք որոշակի պայմաններում և հանգամանքներում պատրաստ են տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, որը, նախքան 19-րդ դարում Ռուսաստանին միանալն, իրանական նահանգ է եղել: Պատահական չէ, որ մի շարք իրանցի քաղաքական գործիչներ հայտարարում են, որ «Ալիևը պետք է իր երկիրն այնպես կառավարի, որ Թեհրանը ետ չպահանջի Ադրբեջանի տարածքները»: Այստեղից էլ գալիս է Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու Բաքվին ուղղված պահանջը»,- ընդգծում է փորձագետը:
Վերջինս հավելում է, որ «Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Թուրքիայի շահերին, որի դիրքերը Ղարաբաղյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդվել են Անդրկովկասում»:
«Կրակին յուղ է լցնում նաև իսրայելական մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իսրայելական ուժային կառույցների պատվիրակությունը մեկնել է Բաքու: Իսրայելցիները, ինչպես ասվում է հրապարակումներից մեկում, «վստահեցրել են ադրբեջանցի գործընկերներին, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել իրանական տարածքից եկող թշնամական գործողությունների դեպքում»: Ի դեպ, Թեհրանը որոշել է փակել իր օդային տարածքը Նախիջևան թռիչքների համար՝ պայամանավորված այնտեղ այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին»,- նկատում է Տարասովը:
«Դեռևս բոլորը հետևում են Իրանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին և Բաքվի ու Թեհրանի հռետորաբանությանը՝ չհաշված Անկարային, Երուսաղեմին, Մոսկվային և Վաշինգտոնին: Առաջիկա օրերը ցույց կտան՝ կհաջողվի արդյոք խոշոր տարածաշրջանային խաղացողներին խաղաղությամբ կարգավորել Ադրբեջանի և Իրանի միջև ի հայտ եկած հակասությունները, թե իրադարձությունները կսկսեն զարգանալ բացասական սցենարով»,- եզրափակում է քաղաքագետը: