ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չկա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ստորև ներկայացվում ենք երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե - Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում:

Մեր երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք:

Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել: Եվ շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել հարաբերությունները:

Անշուշտ, մենք այս հանդիպմանը չէինք կարող չքննարկել մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև: Կորոնավիրուսի համավարակը դեմ, մասնավորապես, համագործակցության շատ հաջող փորձ ունենք՝ մեր բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Ես հուսով եմ՝ կկարողանանք այս խնդրի հաղթահարման գործում աջակցել, մենք կօգնենք կառավարությանն այս հարցի հետ կապված երկու երկրների Առողջապահության նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Երախտապարտ եմ Հայաստանի կառավարությանը, որ արձագանքում է, անդրադառնում է անօրինական միգրացիայի խնդիրներին: Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժշետությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ ապօրինի սահմանը հատած անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը:

Ինչպես տեսանք, Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարության աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ ընտրությունների լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, հարուստ փորձ ենք կուտակել և այդ փորձը փոխանակել ենք ու ավելի ինտենսիվ դեռ ապագայում փոխանակելու ենք: Այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի Լիտվայի որոշ պետական մարմիններում, որոնք մասնակցություն կունենան փորձի փոխանակման գործում, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում:

Եվրամիության շրջանակում մենք սատարում ենք տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը: Ընդամենը վերջերս Եվրամության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ համաձայնագրի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառուցներն իրենց աջակցությամբ, մասնակցությամբ շատ կարևոր դեր պետք է ունենան: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմներն էլ են շատ կարևոր: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում:

Շատ շնորհակալություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո տիկին վարչապետ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք,

Ելույթիս սկզբում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լիտվայի վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեին Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և պատվիրակության անդամներին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:

Լիտվան Եվրոպական միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:

Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ ամենատարբեր ոլորտներում:

Այսօր մենք ունենք չօգտագործված ներուժ՝ մեր համագործակցությունն ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:

Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում:

Հանդիպմանը ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: Մասնավորապես, շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը:

Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում: Այս առումով, կցանկանայի նաև երախտագիտությամբ հիշատակել Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Ձեր որոշումը, տիկին վարչապետ:

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքներով հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և հանրային հուզումների մթնոլորտը Հայաստաի Հանրապետությունում: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ:

Ընտրությունների արդյունքում մեր կառավարությունը մանդատ ստացավ` աշխատելու մեր ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ. մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է մեր կառավարության գործունեության ծրագրում:

Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը, եռակողմ համատեղ հայտարարության, ես նկատի ունեմ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ անկախ այս հանգամանքներից մենք շարունակաբար, հետևողական, անհոգնել հետևելու ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը մեր այս օրակարգի նկատմամբ շարունակաբար մեծանում է:  

Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Շիմոնիտեին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Օգտվելով առիթից ցանկանում եմ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստանի Հանրապետություն:

Հարց- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Հարցս վերաբերում է երկուս վարչապետերին: Պարոն վարչապետ, երեկ էլ, այսօր էլ վերահաստատեցիք, որ չնայած արտաքին միջավայրում նկատված խնդիրներին՝ մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը: Ինչպե՞ս եք դա հնարավոր համարում, եթե տարածաշրջանի երկրներից մեկը՝ Ադրբեջանը, շարունակում է սադրանքի դիմել սահմանին, առաջ քաշել նախապայմաններ, նաև չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ շարունակելով պատանդառության և գերության մեջ պահել հայերին: Եվ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տևական խաղաղության հաստատման համար ինչպիսի՞ն է Եվրամիության անդամ երկրի՝ Լիտվայի դիրքորոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Ես իմ խոսքում անդրադարձա Ձեր բարձրացրած բոլոր հարցերին և կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի՝ մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Պիտի ընդգծեմ, որ նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդներին միմյանցից, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է: Ես երեկ էլ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթ ունեցա ասելու, որ ինչպես նախկինում եմ հայտարարել՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք և ինչպես երեկ ասացի՝ այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար: Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդորում, տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ այն մեր քաղաքացիներին, որոնք մեր տեղեկություններով գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ:

Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը: Շնորհակալ եմ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շնորհակալություն, ես ավելացնելու շատ բան չունեմ: Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հաճելի է լսել, որ եղել են որոշ դրական փոփոխություններ: Վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ: Եվրամիության մակարդակով մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, ովքեր ավելի սերտ և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին: Ես հավատացած եմ և համոզված, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և նաև պրակտիկ խորհուրդներով ու լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը: 

Հարց- լիտվական ԶԼՄ ներկայացուցիչ - Ադրբեջանի նախագահը ցանկություն է հայտնել Ձեզ հետ հնարավորինս շուտ հանդիպելու, Դուք էլ եք ասում, որ իր հետ պատրաստ եք հանդիպել: Ե՞րբ եք ակնկալում, որ նման հանդիպում հնարավոր է տեղի ունենա և ո՞րտեղ եք ակնկալում, որ այն տեղի կունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում:

Իրականում իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես արդեն վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը`  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա:

Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, այսինքն՝ դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք և ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Իհարկե, ուզում եմ ընդգծել, որ մենք նաև հիմա համագործակցում ենք, ունենք եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ հերթին բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է, որ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքային, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները բացվում են: Ցավոք, մինչև այս պահը դրանք բացված չեն, որովհետև նաև խնդիր կա. երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից:

Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն՝ պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել, բայց այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել՝ հումանիտար հարցը կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց ցավոք վերադարձված չեն:

Կարծում եմ, որ ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և՛ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան: Շնորհակալ եմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular