Լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա. Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայկոյի մասին
ՄՇԱԿՈՒՅԹՀանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը, որը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) վաղեմի ընկերն է, անդրադարձել է Հայկոյի մահվանը՝ «Ինստագրամի» իր պաշտոնական էջում գրելով, որ սիրում են Հայկոյին ու կսիրեն միշտ:
«Ընկերնե՛ր, կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: Նա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումների հեղինակն է, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, խարիզմատիկ երգիչ, 2007-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ: Նա կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր, հուսալի ընկեր:
Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս չկաս, և երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ: Ինչքան բան ենք միասին արել և ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան. դառը րոպեներ և ոգևորող հաղթանակներ: Ամեն բան եղել է քո կյանքում: Իսկ հիմա դու չկաս: Ինչ սարսափելի է: Մեծ կորուստ է հայ մշակույթի համար: Մեծագույն կորուստ է ինձ համար: Հիշատակդ վառ: Այն լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա: Ես միշտ կհիշեմ քո ձայնը և քո ժպիտը: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Երկնային արքայություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոսյանը:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ: