Խնդիրը դպրոցների թերֆինանսավորումն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս համացանցում է հայտնվել Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Մալխասյանի և նույն դպրոցի ուսուցչուհու ձայնագրությունը, որում դպրոցի տնօրեն, ուսուցիչ, ուսմասվար եռանկյունու շրջանակում քննարկվում են կոռուպցիային ամենասերտ կապակցված երևույթներ՝ կաշառքով դպրոց աշխատանքի ընդունվել, աշխատավարձի մի մասը տնօրինությանը վերադարձնել և այլն: Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
Հարցին, թե այս երևույթի իրական արմատները որտեղից են գալիս փորձագետը պատասխանել է․ «Այս երևույթի արմատները գալիս են թերֆինանսավորումից, այսինքն՝ բոլորս էլ գիտենք՝ կրթական համակարգը թերֆինանսավորվել է։ Ի՞նչ է տեղի ունեցել. դպրոցը ստացել է որոշակի բյուջե, բայց էդ բյուջեից տնօրենի աշխատավարձը եղել է շատ փոքր, բայց մյուս կողմից՝ եղել է ուռճացված հաստիքակազմ, մեծ թվով պահակներ և այլն, այդ պատճառով տնօրենի ցածր աշխատավարձը ինչ-որ չափով փոխհատուցվել է այդպիսի գործունեությամբ։ Երբ նայում ենք վերջին տարիների քրեական գործերը, մեծ մասը այդպիսի դեպքեր են, այսինքն՝ տնօրենը ինչ-որ մեկին ընդունել է աշխատանքի, այդ մարդը չի եկել աշխատանքի կամ եկել է առիթից առիթ, և տնօրենը այդ գումարը յուրացրել է։ Կարող էինք ավելի խելացի աշխատել, դպրոցի հաստիքակազմը ավելի խելամիտ պլանավորվեր։ Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ, պաշտոնյաներ տեղյակ են եղել, որ հաստիքակազմը ուռճացված է, բայց դա չի արվել՝ տնօրենին հնարավորություն տալով ինչ-որ զարտուղի ճանապարհով գումար վաստակել։ Հետո եկավ որոշակի պահ, մոտավորապես 2016-2017 թվականներն էին, երբ նախարարությունը սկսեց խոսել այն մասին, որ դպրոցներում հաստիքների թիվը շատ է, և վերանայման կարիք կա։ Հեղափոխությունից հետո հույս կար, որ կփորձեն իրավիճակը կարգավորել, ինչ-որ բաներ եղան, բայց արմատական փոփոխություն չստացվեց։ Հեղափոխությունից հետո մի քանի աղմկոտ դեպքեր եղան, ու ալիքը մարեց։ Ենթադրում եմ, որ ալիքը մարեց, նորից այդ դեպքերը գլուխ բարձրացրեցին։ Իհարկե, հիմա հաստիքացուցակը վերանայված է, այդպիսի խնդիրները ավելի նորմավորված են, բայց, կարծում եմ՝ մենք պետք է ավելի ազնիվ աշխատենք։ Հնարավորինս նորմալ վճարել դպրոցի տնօրեններին, մնացած աշխատակազմին, որպեսզի նաև արժանապատիվ մարդիկ ցանկանան տնօրեն դառնալ։ Շատ մարդիկ չեն ուզում դպրոցի տնօրեն դառնալ, որովհետև մտածում են՝ ինչպես են ապրելու 150-200 հազար դրամ աշխատավարձով։ Մենք պետք է այս մասին էլ մտածենք, դա բավական բարդ աշխատանք է՝ մի քանի հարյուր, նույնիսկ հազարից ավելի աշակերտների ղեկավարումը, պետք է նորմալ աշխատավարձ լինի, որպեսզի չհայտնվեն մարդիկ, որոնք չարաշահումներ կարող են անել»։
Սոնա Գիշյան