ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից պահանջում են նոր պայմանագիր ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հատկապես սահմանային լարվածություն կա։ Օրեր առաջ էլ ադրբեջանական զինծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, երկու օր անց բացեցին։

Սահմանային իրավիճակի մասին զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե վերջին շրջանի իրադարձությունները ի՞նչ են ցույց տալիս քաղաքագետը պատասխանել է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո գործընթացները գնացել են այն հունով, ըստ որի Հայաստանը պետք է շատ ավելի հիմնավոր փաստաթուղթ ստորագրի։ Եվ այս ընթացքում բոլոր զարգացումներն այդ տրամաբանության մեջ են եղել։ Վերջին ամիսների ընդհանուր միտումը եղել է այն, որ այդ փաստաթուղթը այս տարվա աշնանը՝ մինչև տարվա վերջ պետք է ստորագրվի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում արդեն իսկ նշված էր փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովի գործունեության մասին, որն այս կամ այն կերպ նախորդ ամիսներին աշխատել է։ Իհարկե, նաև տեսել ենք, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ինչ-որ պահի դադարել է։ Բայց ընդհանուր առմամբ միտումն այն է եղել, որ հատկապես Ռուսաստանը, Թուրքիան ևս, ցանկանում են, որ այդ փաստաթուղթն այս տարի անպայման ստորագրվի։ Նիկոլ Փաշինյանի կողմից կար որոշակի պահանջ, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, և դրանով պայմանավորված՝ ինքը չի կարող գնալ նման քայլի։ Բայց դա էլ լուծվեց «ի օգուտ» Նիկոլ Փաշինյանի, որպեսզի այդ փաստարկն էլ դուրս գա արանքից։ Եվ դրանից հետո վերջին երկու-երեք ամիսների ընթացքում այլևս շատ ձգել հնարավոր չէ։ Խրթին ու սուր հարցերն էլ են հանվել արանքից՝ հանրային ընդվզում և այլն։ Եվ ի վերջո գալիս է հատուցելու պահը։ Որքան մոտենում է այդ պահը, այնքան հասկանալի է, որ կան այնպիսի խրթին հարցեր, որոնցից Հայաստանի ղեկավարությունը փորձում է խուսանավել, ավելի մեղմ ձևակերպումներ տալ կամ ինչ-որ շահեր կորզել։ Եվ դա, բնականաբար, Ադրբեջանի տեսանկյունից դնում է այն քաղաքական գիծը, որ իրենք ամեն կերպ պետք է ստիպեն ու պարտադրեն Հայաստանին՝ գնալ անվերապահ հերթական կապիտուլյացիային։ Այսինքն՝ այն, ինչ եղել է նոյեմբերի 9-ի, ապա նաև հունվարի 11-ի փաստաթղթերում, այդ նույն տրամաբանության մեջ Հայաստանին պետք է պարտադրվի։ Այդ նույն տրամաբանության մեջ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական ցանկացած քայլ, այդ թվում՝ ռազմական միջոցով որոշակի խնդիրներ բարձրացնելը, բոլորն ուղղված են այդ փաստաթղթի ստորագրմանը և Հայաստանին թույլ չտալու, որպեսզի փորձի ընդհանուր գծից շեղել գործընթացը։ Պետք է հասկանալ, որ սա շարունակական քաղաքականություն է եղել՝ ռազմական ճանապարհով պարտադրանքը Հայաստանին՝ ոչ ի շահ Հայաստանի քաղաքական լուծումների գնալու։ Այս գծից Ադրբեջանը երբեք էլ չի շեղվել, անգամ մինչև պատերազմը չէր շեղվում։ Պետերազմից հետո առավել ևս այս գործիքակազմն ունեն, որովհետև հաղթողի դիրքերից են հանդես գալիս և ունեն արտաքին հզոր հովանավորներ։ Գրեթե մեծամասամբ այն, ինչ իրենք անում են, անում են համաձայնեցված պաշտոնական Մոսկվայի ու Անկարայի հետ։ Մենք երբեմն կարող ենք տեսնել, որ այս գործընթացները կապված են հենց Թուրքիայի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Անգամ կարող է նախաձեռնությունը Բաքվինը չլինել, այլ Մոսկվայինը կամ Անկարայինը։ Այսինքն՝ այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունեցել, բոլորն այս տրամաբանության մեջ է եղել։ Եվ հիմա այն, ինչ եղավ Գորիս-Կապան ճանապարհին, հենց նույն տրամաբանությամբ է բացատրվում՝ որքան մոտենում է ստորագրման պահը կամ պարտադրանքի պահը, պետք է այնպիսի կապանքներ ստեղծել, որից Հայաստանը փախչելու տեղ չի ունենա։ Եվ դրանով փորձում են ստիպել առավելագույնը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular