Գիտնականները պարզել են «երկարատև Քովիդ»-ի վտանգավոր հետևանքներից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի գիտնականները պարզել են, որ հետկորոնավիրուսային համախտանիշով մարդկանց մոտ հաճախակի է նկատվում երիկամների գործառույթի նվազում, որը ի հայտ է գալիս հիվանդությունը հաղթահարելուց մի քանի ամիս անց, երբեմն նաև հիվանդությունը թեթև հաղթահարած մարդկանց մոտ:
Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Journal of the American Society of Nephrology գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, կորոնավիրուսի բացասական հետևանքները հիվանդանալուց հետո պահպանվում են մի քանի ամսվա ընթացքում: Այդ վիճակը բժիշկներն անվանում են հետկորոնավիրուսային համախտանիշ կամ երկարատև «Քովիդ»:
Այդ վիճակն արտահայտող հիմնական ախտանշաններն են թուլությունը, շնչահեղձությունը, գլխացավերն ու մկանային ցավերը, ճանաչողական գործառույթի, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խանգարումները:
Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսը հաղթահարած անձանց արյան փորձանմուշներն ու եկել եզրակացության, որ շատերի մոտ դիտվում է երիկամների գործառույթի խանգարում, ինչը ժամանակի հետ կարող է վերածվել քրոնիկ հիվանդության: