ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթ Ղարաբաղի դիմաց. Բաքուն գնե՞լ է Արևմուտքին, թե՞ փող աշխատել բանակի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com-ը գրում է, որ Ադրբեջանը թանկ է վճարել նավթի և գազի արդյունահանման զարգացման համար: Մի կողմից, Բաքուն փող ու տեխնոլոգիա չուներ արդյունահանումը զարգացնելու համար: Մյուս կողմից էլ Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանման զարգացումը թույլ է տվել, որ երկիրն ինքը ստանա եկամտի լուրջ աղբյուր, որն ամեն դեպքում իր դերն է խաղացել Լեռնային Ղարաբաղի ճակատագրում:

Ըստ Socar պետական ​​ընկերության 1997 -ից մինչև 2019 թվականը երկիրը արդյունահանել է մոտ 720 միլիոն տոննա նավթ: Միևնույն ժամանակ, պետական ​​ընկերությունը դրանից ստացել է մոտ 200 մլն տոննա: Նավթի միջին գինը և արդյունահանման մակարդակը 23 տարիների ընթացքում հաշվարկելով ստացվում է, որ Ադրբեջանը ստացել է 80 մլրդ դոլարից մի փոքր ավելի հումք, իսկ ներդրողները մոտ 270 մլրդ դոլարի: Ադրբեջանի նավթի և գազի արդյունահանման մեջ օտարերկրյա գործընկերների ներդրումները կազմել են մոտ 80 մլրդ դոլար, սակայն, այս դեպքում ևս միջոցները հիմնականում օգտագործվել են արևմտյան կապալառուների կողմից: Socar- ը նշում է, որ ունի ունի 27 համատեղ ձեռնարկություն, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում նավթի և գազի ոլորտում, և դրանցում արտասահմանյան ընկերությունների մասնաբաժինը սովորաբար գերազանցում է 50%-ը:

Ադրբեջանի նավթի և գազի արդյունահանման մեջ Արևմուտքի նման լայնածավալ ընդլայնման խթանը հանդիսացել է «Դարի գործարքը», երբ 1994 թվականին Բաքուն արդյունահանման զարգացման պայմանագիր է կնքել տասնմեկ նավթային ընկերությունների հետ: Ըստ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ադրբեջանը գործարք է կնքել Արևմուտքի հետ  Լեռնային Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն լուծելու նպատակով: Երկիրը դեռ քննարկում է նրա այն հարցազրույցը, որը նա տվել էր մայիսի վերջին: «Հավասարակշռությունը խախտվեց շատ պարզ իրավիճակում: Դա տեղի ունեցավ 1996-1997 թվականներին, երբ Ադրբեջանում ստեղծվեց նավթի միջազգային կոնսորցիում, որում ներկայացված էին ամերիկացիները, British Petroleum- ը և այլ փոքր բաժնետերեր: Դրանից հետո Հեյդար Ալիևի հռետորաբանությունը փոխվեց»,-հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նաև ասել էր, որ ամերիկացիներն անսպասելիորեն կարգավորման նոր բանաձև էին բերել Լիսաբոնի գագաթնաժողով. «Ես տեղեկացա, թե ինչպես է այս փաստաթուղթը հայտնվել ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի սեղանին: Դա արել է Տեխասի նավթային լոբբին: «Մեզ պետք է, Ալիևը լավ տղա է, նա այսպիսի թուղթ է խնդրել»: Այդ ժամանակից ի վեր հավասարակշռությունը փոխվել է: Ադրբեջանը որոշակի հույսեր է ստացել, որ կարող է իր նպատակներին հասնել արտաքին ուժերի օգնությամբ: Դրանից հետո, ինչպես ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանն այլևս ոչ մի առաջարկի չի համաձայնվել. «Այո, եղել են բանակցություններ, բայց հենց որ եկել է ինչ որ փաստաթուղթ ստորագրելու պահը, նրանք ասել են. «Ոչ, սա մեզ չի բավարարում»: Նույնիսկ այն ժամանակ նրանք հասկացել են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, և նրանք ճիշտ էին»:

«Առանց արևմտյան ներդրումների և տեխնոլոգիաների, Ադրբեջանը պարզապես չէր կարող զարգացնել նավթի ու գազի արդյունահանումը: Նավթի և գազի արդյունահանումը պահանջում է երկու գործոն՝ կապիտալ և տեխնոլոգիա: Նույնիսկ առանց վերջինի, ածխաջրատների պաշարները կարող են ընդմիշտ չօգտագործվել», - բացատրել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: Նա Ադրբեջանը համեմատում է Իրանի հետ: «Իրանը գազի պաշարներով, որը այսօր էկոլոգիապես մաքուր վառելիք է, աշխարհում երկրորդ երկիրն է: Միևնույն ժամանակ, Թեհրանը ամենամեծ օդի աղտոտվածությամբ մայրաքաղաքի կարգավիճակում է: Իսկ հուլիսին Իրանի քաղաքները մնացել էին առանց էլեկտրականության: Գազի արտահանումով Ադրբեջանը արդեն առաջ է անցել Իրանից: Պատճառ միակն է. Ադրբեջանն իր գազն արտահանում է եվրոպական ընկերությունների հետ», - վստահ է Իլհամ Շաբանը:

Այսպես թե այնպես, նավթից ու գազից ստացված եկամուտներն օգնել են Ադրբեջանին հաղթել Լեռնային Ղարաբաղի պատերազմում: «Իհարկե, նավթագազային նախագծերը պայման չէին ռազմական գործողություններին հավանություն տալու համար: Բայց դրանք, մեծ հաշվով, օգնեցին Ադրբեջանին հաղթել պատերազմում,- ասել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը,- Բաքուն նավթ և գազ վաճառելուց գումար է ստացել և այդ գումարով վերազինել բանակը և պատրաստվել պատերազմի»: 

Ըստ Հայաստանի կառավարության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյաի Ադրբեջանը ժամանակ է շահել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի նախապատրաստվելու համար դեռ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից շատ առաջ: Զրուցակցի խոսքով 1993 թվականին Ադրբեջանում ապստամբություն է տեղի ունեցել ճակատում կրած պարտությունների պատճառով, և իշխանության է եկել Հեյդար Ալիևը: Դրանից հետո հայկական կողմը գրավել է մի շարք տարածքներ ստեղծելով այսպես կոչված անվտանգության գոտի: «Բայց պատերազմից կախված չմնալու համար, Ադրբեջանի նոր նախագահը, այնուամենայնիվ, գնացել է զինադադարի, որը կնքվել է 1994 թվականին: Հետո Բաքուն սկսել է գումար վաստակել և ներդնել այն բանակի և լոբբիստական ​​գործունեության մեջ: Եվ հասել է նրան, ինչին հասել է: Հյուսիսատլանտյան ցանցը և դրա կազմում գործող Ջորջ Սորոսը իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին: Չգիտեմ պատերազմով կամ առանց դրա, բայց Ղարաբաղի հարցը պետք է փակվեր, և Ստեփանակերտը պետք է լիներ Ադրբեջանի կազմում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար», - ասել է աղբյուրը: Նա կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի թեման բաց է մնացել Ռուսաստանի միջամտության պատճառով. «Հիմա նրանք, ովքեր Փաշինյանին բերել են իշխանության, դժգոհ են: Հայաստանը խրվել է անդադար պարտությունների մի ցիկլի մեջ, որի մեջ ընկել է դեռ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից առաջ կամ դիտավորյալ, կամ հետհեղափոխական կառավարության հիմարության պատճառով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular