Փորձագետ. Հայկական բանակի արդիականացումը բխում է Ռուսաստանի շահերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ Քաղաքական տնտեսության հետազոտական ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ, ինչպես նաև շատ մտահոգված է եղել տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելով: Փորձագետի կարծիքով Չեչնիայի երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում նման թվով ահաբեկիչներ չեն եղել:
«Հարց է ծագում. ի՞նչ մեթոդներ կարող է կիրառել Ռուսաստանը իր և դաշնակից երկրների սահմաններում հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար: Այս դեպքում դա հայկական բանակի վերազինման և հզորացման գործընթացի արագացումն է, քանի որ հայերը լուրջ հարված են ստացել Արցախյան պատերազմում, և խնդիրն այժմ զինված ուժերի արդիականացումն է: Եվ դա բխում է և՛ Հայաստանի և՛ Ռուսաստանի շահերից», - ասել է նա:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանում հզոր բանակի ստեղծումը, որը կկարողանա դիմակայել ահաբեկիչներին, բխում է Ռուսաստանի շահերից, և երկիրը դա գիտի: Բացի այդ, ըստ նրա, նաև Իրանին է հետաքրքրում այն, որ Հայաստանի զինված ուժերը պաշտպանեն Իրանի հետ սահմանը: Նա նաև կտրականապես դեմ է այն կարծիքին, որ 102 -րդ ռուսական ռազմակայանը պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից: Մաթևոսյանը հայտարարել է, որ այն կատարում է պատմական և քաղաքական կարևոր առաքելություն և ռուս սահմանապահների հետ միասին թույլ չի տալիս Հայաստանին «վերածվել Սիրիայի»: «Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ աշխարհաքաղաքական հարաբերություններում վակուում չի կարող լինել, և եթե խաղացողներից մեկը հեռանում է, նրան պետք է փոխարինի մյուսը: Ռուսների հեռանալուց հետո կգան թուրքերը, որոնք արդեն իրենց ազդեցությունը տարածել են Վրաստանում և Ադրբեջանում: Արևմուտքը չի կարող հայերին առաջարկել այնպիսի նախագիծ, որին Անկարան չմասնակցի: Հետևաբար, անվտանգության համակարգի տեսակետից միայն Թուրքիան կարող է առաջադրվել որպես այլընտրանք Ռուսաստանին», - ասել է քաղաքագետը: Մաթևոսյանը վստահ է, որ առանց 102 -րդ ռուսական ռազմաբազայի ֆիզիկական ոչնչացման սպառնալիք կլինի, իսկ Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը