Դասերը կլինեն առկա և ամենօրյա. Դպրոցները միայն ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆեպտեմբերի 1-ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի՝ պահպանելով կանոնները, հնարավորություն կունենան իրականացնել ամենօրյա ուսուցում։
Նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ: Դասարաններում 20-ից ավելի սովորողների թվով ուսումնական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը:
«Եթե դասարանում սովորողների թիվը 20-ից ավելի է, ապա մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարան, իսկ ԿԳՄՍՆ ենթակայության դպրոցները` նախարարություն, և ԿԳՄՍ նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է, որն ապահովելու դեպքում դպրոցները կարող են հրաժարվել կիսված դասարաններով աշխատելու և օրումեջ դասի գնալու աշխատաոճից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների պահպանումը: Եթե նախարարությունը դիտարկի, որ վիճակը բարվոք չէ, վարակի տարածման վտանգ կա, դասերը կշարունակվեն օրումեջ։
Պահպանվում է նաև հեռավար գործելու սկզբունքը, եթե դեպքերի թիվը 14 օրվա կտվածքով գրանցվում է 10 տոկոս և ավելի։ Փոփոխություններ են լինելու նաև ճաշարանների գործունեությունում։
Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։ Նրանք մեկ օր ավելի շուտ՝ օգոստոսի 31-ից կհաճախեն դպրոց։ Փոխնախարարը նշել է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով պետք է աշխատի։
Առաջիկայում նախարարությունը կհրապարակի նաև կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։
Դպրոցներում դիմակների կրումը պարտադիր է, առաջիկայում հույս ունեն կկարողանան դպրոցներում ապահովել անհրաժեշտ միջոցներով։