ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծ, կռիվ, շշերի նետում․ Ազգային ժողովը վերածվել է մեծ ախոռի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովը կամաց-կամաց հունի մեջ է ընկնում և վերածվում «Տեցի կռուգի», որտեղ հարցերը լուծվում են ոչ թե քաղաքակիրթ քննարկումներով, այլ ծեծուջարդով, իրար վրա աթոռներ ու շշեր նետելով։ Կառավարության հնգամյա ծրագրի ներկայացումն այս տեմպերով կարող է դառնալ ամենադիտարժան մենամարտը։ Երեկ խորհրդարանի նիստը նշանավորվեց ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելով, իսկ այսօր արդեն իշխանական և ընդդիմադիր պատգամավորներն իրար վրա շշեր են նետում։ Իրարանցումը սկսվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Փաշինյանին ուղղված վիրավորանքներով ու հեգնանքով համեմված հարցից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ որոշեց դուրս հրավիրել Մկրտչյանին նիստերի դահլիճից, իսկ անվտանգության աշխատակիցների դահլիճ մուտք գործելուց հետո ծեծկռտուք սկսվեց։
 
Այսօր էլ իրավիճակի սրման մեղավորը իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն էր։ «Այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018 թվականից հետո, եթե այդ նույն տեմպերով զարգանար 2008 թվականից հետո, նման աղետալի հետևանք, համոզված եմ տեղի չէր ունենա, մենք կունենայինք ավելի քան 10 տարի պատրաստվելու համար։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն Պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Դա բոլոր ժամանակների մասին է», - հայտարարեց Սարգսյանը։
 
Դահլիճից արձագանքեցին, Սարգսյանն էլ, ի պատասխան, բղավեց․ - «Ես քե՞զ եմ ասում, արա»։
 
«Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավորի ուղղությամբ շշեր թռան, իշխանությունն էլ նույնկերպ պատասխանեց ընդդիմությանը։ Ահա սա է խորհրդարանական պետության խորհրդարանի իրական դեմքը։ Համազգային խայտառակություն դարձած այս Ազգային ժողովը պարզապես շանս չունի երկար գոյատևելու։ Երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները լուծելու փոխարեն պատգամավորները առիթ են փնտրում իրար բզկտելու, քաշքշելու, մենամարտելու։ Ալեն Սիմոնյանին չի հաջողվում և չի էլ հաջողվելու հանդարտեցնել կրքերը մի վայրում, որտեղ նստածներն իրար նկատմամբ ատելությամբ են տոգորված։
 
Արթուր Թորոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular