Իմ երեխային դիտմամբ են սպանել, նրան սպանող ծառայակիցը սուտ է խոսում. մահացած զինծառայողի մայր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾNEWS.am-ը գրում է․
ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի մայրը՝ տիկին Լյուդան, համոզված է, որ իր որդուն դիտավորյալ են սպանել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հովհաննեսի սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանի հայտարարությունը, թե Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը, սուտ է:
«Ես իմ տղային լավ եմ ճանաչում, նա երբեք զենքի հետ կատակ չէր անի, չէր փորձի ինչ-որ մեկի ձեռքից զենքը կատակով վերցնել, նա ռազմական ինստիտուտում էր սովորել, պատրաստված զինվորական էր եւ այդպիսի քայլի երբեք չէր գնա: Նրան դիտմամբ են սպանել եւ ես ամեն ինչ անելու եմ, որ նրան սպանողն արժանանա ամենախիստ պատժին, եթե կարծում է, որ այդպիսի սուտ հայտարարություններ անելով փրկվելու է՝ սխալվում է»,-ասաց տիկին Լյուդան:
Տիկին Լյուդան նշեց, որ Հովհաննեսը չի պատմել թե ծառայության ընթացքում թշնամիներ ունեցել է, թե ոչ, ծառայակից ընկերներից ում հետ է ավելի մոտ եղել, սակայն, վստահ է, որ ոչ մեկի հետ վատ հարաբերությունների մեջ չի եղել եւ թշնամիներ չի ունեցել:
«Հովոյիս որ հարցնում էի՝ ում հետ ես մոտ, ասում էր՝ մամ, այնքան շատ են, ո՞ր մեկին ասեմ, ո՞ր մեկին թողնեմ, բոլորի հետ էլ լավ եմ: Գիտեմ, որ էդ Միաքայելի հետ երկու անգամ դիրք են բարձրացել, երկրորդի ժամանակ էլ պատահել է դեպքը: Բայց թե հակասություններ ունեցել են, թե չէ՝ չգիտեմ»,-ասաց նա:
Նշենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:
Միքայելն իրեն մեղավոր ճանաչում է ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Միքայել Զաքարյանը գտնվում է կալանքի տակ՝ «Շուշիի» քննչական մեկուսարանում:
Հովհաննեսի սպանության մեջ մեղադրվող Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նշենք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր:
Հովհաննես Հարությունյանըը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Զինծառայողը մահացել է 2015թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: