ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհամարհանք խորհրդարանի նկատմամբ․ սահմանի հարցով բոլոր մտահոգությունները մնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը երեկ վերջապես դռնփակ ռեժիմով ձեռնամուխ եղավ սահմանային իրավիճակի վերաբերյալ քննարկմանը։ Հիշեցնենք, առաջարկն արվել էր «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ համաձայնվել էր քննարկումն անել դռնփակ ռեժիմով։ Խորհրդարանական կառավարմամբ երկրի խորհրդարան չէին եկել ո՛չ պաշտպանության նախարար Արշակ Կապարետյանը, ո՛չ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Իրենց փոխարեն ուղարկել էին ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանին։ Միգուցե գործող իշխանությունը ցանկացել էր այդկերպ ի ցույց դնել իր արհամարհական վերաբերմունքը խորհրդարանական ընդդիմության վերաբերյալ, բայց փոխարենը սա պառլամենտարիզմի նկատմամբ արհամարհանքի ցցուն օրինակ դարձավ։

Էդվարդ Ասրյանը հանդիպումից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, նշեց, թե օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։

«Ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական»,- խրոխտ ասել է գեներալը։

Նա չզլացավ, մի քանի բառ էլ Ադրբեջանի նախագահի հասցեին ասաց, թե Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ կամենում է, բայց այդ հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն: Թե ինչ է իրականում խոսվել փակ հանդիպմանը, հանրությունը դժվար թե իմանա, պատգամավորները իրավասու չեն բարձրաձայնել մանրամասները, որոնք կարող են պետական գաղտնիք պարունակել։

Հանդիպմանը անդրադարձել է ԱԺ պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ Արձանագրելով խորհրդարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը՝ Աբրահամյանը նշել է, թե չի կարող մանրամասներ հայտնել հանդիպումից, սակայն բոլոր մտահոգությունները, որոնք ուներ Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ, ամբողջությամբ պահպանվում են։

Իսկ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Սամսոն Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular