«Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար». Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:
«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», - ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին:
Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»:
Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղել հնարավոր սադրանքները:
Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանը Ուզբեկստանի հետ առանձին վարժություններ է անցկացրել, ինչպես նաև «եռակի» վարժանքներ Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:
Թալիբները պնդում են, որ գրավել են Աֆղանստանի վեց նահանգային կենտրոն: ԶԼՄ-ների տվյալներով՝ թալիբները վերահսկում են երկրի տարածքի 65%-ը:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: