Հանրային իրազեկման միջոցով կարելի է շատ խնդիրներից խուսափել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հրդեհավտանգ իրավիճակ է երկրում, բայց չնայած այդ նախազգուշացմանը, գործուն քայլեր կարծես նկատելի չեն համապատասխան գերատեսչությունների կողմից։ Այս թեմայով զրուցել ենք բնապահպան Լևոն Գալստյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հրդեհներից խուսափելու համար Լևոն Գալստյանը պատասխանել է․
«Հրդեհների առաջացումից հնարավորինս խուսափելու ընդունված մեթոդ կա՝ հանրային լայն իրազեկում իրականացնել, որը Հայաստանի Հանրապետությունում գրեթե բացակայում է։ Չկան հանրային լայն իրազեկման գործողություններ, մեկ անգամ հայտարարություն տարածելով կամ տարին մեկ անգամ ինչ-որ հոլովակ նկարահանելով՝ չի կարելի համարել, թե գործը կատարված է։ Եթե որոշում կայացնելու հնարավորություն ունենայի, կստիպեի, որ առաջին հերթին հանրային բոլոր հեռուստառադիոալիքները օրվա մեջ երեք-չորս անգամ, շատ ճիշտ ձևով կազմված տեքստի ու տեսանյութի միջոցով իրազեկեին քաղաքացիներին հրդեհավտանգ իրավիճակից խուսափելու և դրա պատճառ չդառնալու մասին։ Հանրային իրազեկման միջոցով կարելի է շատ խնդիրներից խուսափել, բայց դա պետք է արվի պետական մակարդակով՝ որակյալ ու բոլորին հասու եղանակներով, ինչը, ցավոք սրտի, չի արվում»։
Սոնա Գիշյան