Գերմանացի գիտնականները թույլ տեղ են գտել կորոնավիրուսի գենոմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ Գեթսի համալսարանի (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Օրգանական քիմիայի և քիմիական կենսաբանության ինստիտուտի գիտնականները, COVID-19-NMR միջազգային կոնսորցիումի մասնագետների հետ համատեղ, հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի գենոմի մի շարք կարճ հատվածներ, որոնք 2020 թվականի ընթացքում շատ հազվադեպ են ենթարկվել մուտացիաների: Ըստ Angewandte Chemie հրատարակության դա՝ կարող է օգնել գիտնականներին ստեղծել արդյունավետ դեղամիջոցներ վարակի դեմ:
«SARS-CoV-2–ի դեմ ակտիվ նյութերի որոնման ընթացքում հետազոտողները մինչ այժմ հիմնականում կենտրոնացել են վիրուսային սպիտակուցների արգելափակման վրա, քանի որ դա խոստանում էր կանխել կամ գոնե դանդաղեցնել վիրուսի բազմացումը: Բայց վիրուսային գենոմի՝ ՌՆԹ-ի երկար մոլեկուլի վրա ազդեցությունըկարող է սպանել վիրուսին կամ դանդաղեցնել նրա վերարտադրությունը», - նշված է հոդվածում:
Հետազոտողները պարզել են SARS-CoV-2 գենոմի 15 կարճ հատվածներ, որոնք շատ նման են տարբեր կորոնավիրուսներում և ունեն կարևոր կարգավորող գործառույթներ: Հետո նույնականացվել են 69 փոքր մոլեկուլներ, որոնք կապվում են SARS-CoV-2 վիրուսի ՌՆԹ-ի 15 հատվածներից 13-ի հետ: Հետազոտության հեղինակներից մեկի՝ Հարալդ Շվալբեի խոսքով, երեք մոլեկուլներ հատուկ կապվում են ՌՆԹ-ի միայն մեկ հատվածի հետ, ինչը հուշում է SARS-CoV-2 վիրուսի ՌՆԹ-ի վրա դեղամիջոցներով ազդելու հեռանկարային ներուժի մասին: Գիտնականներն արդեն սկսել են տարատեսակ այնպիսի նյութերով փորձարկումներ, որոնք կարող են մոտեցնել նպատակային ազդող դեղամիջոցների ստեղծման գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը