Թալիբները հայտարարել են աֆղանական օդուժի ուղղաթիռ խոցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ գրոհայինները Հիլմենդ նահանգում Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ են խոցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հիլմենդ նահանգի Նադ-է Ալի շրջանի կենտրոնի մոտակայքում շարժման անդամները խոցել են թշնամու ռազմական ուղղաթիռը: Նադ-է Ալի շրջանի կենտրոնը գրավվել է, ոստիկանապետը` գերեվարվել»,- թվիթերյան էջում գրել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը:
Թալիբները նաև վստահեցնում են, որ հարձակումների ընթացքում սպանվել և վիրավորվել են բազմաթիվ աֆղանցիներ, առգրավվել է զենք և զինամթերք:
Այնուամենայնիվ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Հիլմենդում արտակարգ վայրէջք է կատարել: Տեղական «Փաժվաք» գործակալությունը՝ հղում տալով աֆղանական բանակին, տեղեկացնում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել «Թալիբան»-ի գրոհայինների դեմ գործողության ժամանակ, հավանաբար՝ տեխնիկական պատճառներով:
Միջադեպի հետևանքով, ինչպես նշում են բանակում, ոչ ոք չի տուժել: Օդանավում գտնվողները տարհանվել են, իսկ ուղղաթիռը ոչնչացվել է:
Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա: