ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը. ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: 

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։ 

Նախագծի պատմություն

Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկը ձևավորել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: 

2014-2019 թթ․ ընթացքում ՀՀ ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների,  զինվորականների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին վերոնշյալ հանձնաժողովը մշակել է Ֆինանսական կրթման ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: ՀՀ ֆինանսական կրթման ծրագրով  (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝ անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում, վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում), ինչպես նաև հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում՝ անձնական ֆինանսները կառավարելիս։ 

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2014 թ.-ին գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:


Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:

2021-2025 թթ. գործողությունների ծրագիր

2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները: 

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:

Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular