Հայաստանի ու Իրանի համար շատ կարևոր է հայ-իրանական ցամաքային ճանապարհը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում Սեյիդ Էբրահիմ Ռայիսիին ասել է․
«Բարձր եմ գնահատում եմ Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական: Միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են»:
Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Հարցին, թե Իրանի նորընտիր նախագահի ուղերձից ելնելով ինչպիսի՞ հարաբերություններ է ցանկանում կառուցել Ռայիսին, իրանագետը պատասխանել է․
«Ռայիսին նախագահ ընտրվելու հաջորդ օրը՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր առաջնահերթություններն արտաքին քաղաքականության մեջ լինելու է հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը: Հայկական կողմից ևս եղան հայտարարություններ, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե սրան գումարենք նաև Ռայիսիի նամակում հնչեցված հայտարարությունները, ապա կարելի է փաստել, որ երկու կողմից էլ կա ցանկություն հայ-իրանական հարաբերությունների խորացման: Հայաստանի ու Իրանի համար շատ կարևոր է հայ-իրանական ցամաքային ճանապարհը, հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի լինել-չլինելու հարցը և Իրանի անհամաձայնությունն այդ հարցին, պետք է նշենք, որ կարևորվում է հարաբերությունների զարգացումը: Ցանկալի կլինի նաև Իրանին ներգրավել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ոլորտում: Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար պետք է փորձի Իրանին որևէ կերպ ներգրավել Հայաստանում: Դատելով Իրանի արձագանքներից՝ ցանկություն ունի ներգրավվելու Հարավային Կովկասում՝ այդ թվում Հայաստանում»։
Հարցին, թե Ադրբեջանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ է ցանկանում ունենալ Իրանի նորընտիր նախագահը Գարիկ Միսակյանը պատասխանել է․ «Իրանից հնչող գրեթե բոլոր հայտարարություններում մշտապես շեշտվում է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Այսինքն՝ Իրանը փորձելու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ընդլայնել իր հարաբերությունները: Իրանը մեծ ցանկություն ունի ներգրավվել Ալիևի կողմից հայտարարված՝ Արցախի բռնազավթած տարածքների շինարարական աշխատանքներում՝ իր քաղաքական նպատակներից ելնելով: Նույն նպատակներով նաև Հայաստանի հետ է ցանկանում հարաբերությունները զարգացնել: Այսինքն՝ իրենք բոլոր ուղղություններով փորձելու են ներգրավվել Հարավային Կովկասում, իրենց նվազած ազդեցությունը վերականգնելու կամ գոնե մի քիչ մրցակցել Ռուսաստանի ու Թուրքիայի հետ տարածաշրջանում»։
Սոնա Գիշյան