Պուտինի մոտ կրկին պահանջներ կան Ուկրաինայի նկատմամբ. իսկ ի՞նչ կա Ադրբեջանի դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrealtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում հայտարարել է, որ բոլշևիկները կամայականորեն կտրտել են սահմանները և առատաձեռն «նվերներ» տվել որոշներին: Պուտինը դիմել է ուկրաինացիներին հետևյալ խոսքերով. «Ցանկանու՞մ եք ստեղծել ձեր սեփական պետությունը: Խնդրեմ: Բայց ի՞նչ պայմաններով: Հիշեցնեմ նոր Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկի՝ Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Սոբչակի տված գնահատականի մասին: Որպես բարձր պրոֆեսիոնալ փաստաբան նա կարծում էր, որ ցանկացած որոշում պետք է օրինական լինի, և, հետևաբար, 1992 թվականին արտահայտել է հետևյալ կարծիքը. ԽՍՀՄ հանրապետությունները, 1922 թվականի պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո, պետք է վերադառնան այն սահմաններին, որոնցում նրանք միացել են ԽՍՀՄ-ին: Մնացած բոլոր տարածքային ձեռքբերումները քննարկման, բանակցությունների առարկա են, քանի որ հիմքը չեղյալ է հայտարարվել»:
Ճիշտ է ասված, այնպես չէ՞: Եթե Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է հետևի Սոբչակի հայտարարած սկզբունքին, ապա այդ սկզբունքը պետք է լինի համընդհանուր և կիրառելի նախկին ԽՍՀՄ մնացած հանրապետությունների համար: Այս պարագայում պետք է նկատի առնել նաև Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որն ընդգրկում էր Արցախն ու Նախիջևանը: Կրեմլը և մեր բոլոր ռուս ընթերցողները պետք է հիշեն նաև, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Անդրկովկասում տեղի ունեցած արյունալի պատերազմից հետո, Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն պաշտոնապես ճանաչել է Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը (Սյունիք) որպես Հայկական ԽՍՀ մաս: Հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը Խորհրդային Հայաստան դիմել է համապատասխան կոչով. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտնում ենք նոյեմբերի 30-ի Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի որոշման մասին: Այսօրվանից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների շուրջ վեճերը լուծված են: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս»:
Այսինքն հայ ժողովուրդը ԽՍՀՄ է մտել Արցախի ու Նախիջևանի հետ միասին: Դրան հաջորդել է Ստալինի «Պրավդա» թերթում 1920 թվականի դեկտեմբերի 4-ին տպագրված հոդվածը, որտեղ նա հայտարարել է իրավական և պատմական փաստ. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը կամավոր հրաժարվել է վիճելի նահանգներից և հայտարարել Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի տարածք»: Եվ միայն հետո, քեմալական Թուրքիայի ճնշման ներքո, բոլշևիկները վերաշարադրել են հայկական ազգային սահմանները հօգուտ թուրքերի: Երբ Պուտինը գրում է, որ «ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ խորհրդային դարաշրջանի գաղափարն է», նա պետք է հիշատակեր ևս մեկ այլ խորհրդային մտքի գաղափարի` Ադրբեջանի մասին: Բայց այստեղ Պուտինը երկակի ստանդարտներ է կիրառում, երբ ասում է, որ «միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»:
«Այստեղ յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը և դրան պետք է հանգիստ վերաբերվել», - ասել է նա 2020 թվականի դեկտեմբերին: Ոչ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բոլորը չեն կարող ունենալ իրենց ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը միշտ մեկն է և միշտ համընդհանուր: Մնացածը կողմնակալ մեկնաբանություններ են ...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը