Թուրքական ռազմաբազա Ադրբեջանո՞ւմ. ռուս փորձագետներն Անկարային սթափության կոչ են անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծումը, հասկանալի պատճառներով, Ռուսաստանի բացասական արձագանքի կարժանանա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունը մի քանի անգամ խոսել է թուրքական բազայի կառուցման մասին։ Մասնավորապես՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ջաբարովը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ԱՊՀ- ում, նախկին «եղբայրական հանրապետությունը»: Եվ, անշուշտ, այդ երկրում ՆԱՏՕ-ի բազայի հայտնվելը խիստ բացասական կընկալվի։
Նա միաժամանակ կարծում է, որ դեռ կարելի է այդ թեմայով բանակցություններ վարել, քանի որ հազիվ թե Թուրքիան ցանկանա փչացնել հարաբերություններն իր մեծ հյուսիսային հարևանի հետ։ Նա կոչ է արել դիվանագետներին ավելի ակտիվ մասնակցել այդ հարցերի քննարկմանը։
Քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն էլ իր հերթին կասկածում է, որ Բաքվում լրջորեն կդիտարկեն ռուս խաղաղապահների ազդեցության գոտում ինչ-որ սադրիչ գործողությունների հնարավորությունը։
«Տեսականորեն, իհարկե, կարելի է խոսել նման սցենարի հեռանկարների մասին, բայց կա 2008 թվականի օգոստոսի տխուր դասը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Գասպարյանը ենթադրում է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են առաջացող ռիսկերի աստիճանը, ու դժվար թե դա Բաքվում հիմա ինչ-որ մեկին պետք լինի։ Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ այն, ինչ ուզում էր։ Այս ֆոնին իմաստ չունի ավելորդ անգամ սրել իրավիճակն ինչ-որ ապակառուցողական գործողություններով։