Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Նա նաև մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին Ադրբեջան, դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում կատարված այց էր: Եվ մենք այսօր Մևլութ Չավուշօղլուի հետ համաձայնեցինք, որ յուրաքանչյուրս մեր հնարավորություններն օգտագործելով՝ պետք է նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ այլ ազգությունների մարդիկ այդ հողում ապրեն կողք-կողքի՝ ինչպես լավ հարևաններ, և այդ ժամանակ, համոզված ենք, ցանկացած հարց, այդ թվում՝ քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր համագործակցության լրացուցիչ ուղղություններից մեկը հանդիսանում է առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումն այդ տարածաշրջանում: Մեզ մոտ դրական արձագանքի և աջակցության է արժանացել նախագահ Էրդողանի և նախագահ Ալիևի առաջարկը՝ ստեղծել տարածաշրջանի զարգացմանը նպաստող 3+3 մեխանիզմ՝ 3 անդրկովկասյան պետություն և 3 հարևան՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Այսօր նույնպես մենք այդ մասին խոսել ենք, և կարծում եմ՝ ունենք լավ ծրագրեր առաջիկա ժամանակների համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանը գոհ է հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հարցերով Թուրքիայի հետ համագործակցությունից: