Գիտնականները ներկայացրել են կորոնավիրուսի նոր հիմնամանրէի առանձնահատկություններն ու ախտանշանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիայի Հանրային առողջապահության գործակալությունը նշել է այն ախտանշանները, որոնցով կարող է դրսևորվել կորոնավիրուսի նոր հիմնամանրէն (շտամ): Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր Express պարբերականը:
«Լամբդա» անվանումն ստացած նոր հիմնամանրէն ի սկզբանե հայտնաբերվել էր դեռ 2020 թվականի վերջին Չիլիում, Պերուում, Արգենտինայում և Էկվադորում: Գիտնականները ենթադրում են, որ այն տարբերվում է այլ հիմնամանրէներից սպիտակուցային մասնիկներում տեղի ունեցած մուտացիաներով, ինչն էլ ազդում է վիրուսի վարակելիության մակարդակի վրա: Սակայն այս պահի դրությամբ դեռ չկան տվյալներ այն մասին, որ վիրուսը կարող է դառնալ ավելի ծանր ընթացքով COVID-19-ի զարգացման պատճառ:
Բացի այդ, նոր հիմնամանրէի հիմնական ախտանշանները ևս չեն տարբերվում այլ հիմնամանրէների դեպքում նկատվող ախտանշաններից: Կորոնավիրուսի նոր տեսակին բնորոշ են այնպիսի ախտանշանները, ինչպիսին են բարձր ջերմությունը, չմեղմվող հազը և հոտառության ու համի զգացողության կորուստը: Ավելին՝ նոր հիմնամանրէն դեռ չի ներառվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «մտահոգություններ առաջացնողների» ցանկում, որում արդեն տեղ են գտել ալֆա, բետա, գամմա և դելտա հիմնամանրէները: