ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները շտապում են և շտապեցնում Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում ավարտված արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն չորրորդ օրն է` խոսում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ որոշ դրույթների իրագործումը ժամանակից ետ է ընկել: Թերևս հենց այդ նպատակով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանի իշխանություններն ինչ-որ տեղ են շտապում։ Նրանց հետ պարտվածի դիրքերից հարաբերվող Փաշինյանը այլևս «հաղթանակ» է տարել ընտրություններում, և ստիպված է լինելու կրկին առերեսվել թշնամու պահանջներին։ Բաքուն և նրա դաշնակից Թուրքիան նոր թափով են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից պահանջելու ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի տարածքը, ընդունել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և ժամանակակից Թուրքիայի սահմանները։ Պահանջելու են նաև Ադրբեջանին տրամադրել սուվերեն միջանցք, հրաժարվել տարածքային հավակնություններից և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլերից։
 
Իշխանությունն արժանապատվորեն թողնելու և երկրի համար բանակցություններում խուսանավելու տեղ թողնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախընտրեցին կրկին վերարտադրվել, և այժմ նոր վտանգների առջև են կանգնեցնում Հայաստանը։ Բանակցություններում փոքր-ինչ նպաստավոր դիրքեր ստանալու համար յոթ ամիսը քիչ ժամկետ չէր։ Երկրի պաշտպանունակությունը վերականգնելու փոխարեն Փաշինյանն ամբողջությամբ տրվեց քարոզարշավին և ագրեսիվ հռետորաբանությանը, որևէ քայլ չարվեց ջախջախված ռազմական պոտենցյալը վերականգնելու ուղղությամբ։ Մինչդեռ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»: «Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է ինչպես տարբեր բնույթի սպառազինության գնումների, այնպես էլ՝ զինված ուժերում իրականացվող փոփոխությունների հարցում»,- արձանագրում է անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը և հավելում․ «Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ անորոշ խոստումներ տալիս կամ պարզապես լուռ զիջում»:
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular