Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Զալկալիանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափում՝ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերն իրագործելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին։
Ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական համաժողովի ընթացքում, Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են։ Նա նաև ընդգծել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը։
«Մեր առջև այսօր շատ հնարավորություններ կան։ Մեր տարածքով են անցնում նավթամուղներն ու գազամուղները», - հիշեցրել է Զալկալիանին։
Նա ընդգծել է, որ դա համագործակցության գործնական դրսևորումն է։ Զալկալիանին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է համագործակցել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով ՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից: Նախարարն ընդգծել է, որ այդ համագործակցության ուժեղացումը բացարձակ առաջնահերթություն է երկրի համար:
Այս համատեքստում Զալկալիանին կարևորել է կոնկրետ նախագծերի իրականացումը, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ընդլայնմանը, տրանսպորտային կապերին՝ Կասպից և Սև ծովերի ներուժի օգտագործման տեսանկյունից:
Նա ընդգծել է նաև, որ առանց կայունության անհնար է խոսել զարգացման և բարգավաճման մասին: Նախարարը կողմերին կոչ է արել ակտիվորեն աշխատել՝ չնայած սահմանափակ ռեսուրսներին։
Զալկալիանին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար համաձայնությանը։